ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում հանգրվանային կարևորություն ունեցող ընտրության առթիվ: Նա պաշտոնն ստանձնում է երկրում աշխուժացած քաղաքացիական կյանքի, վերանորոգ հույսի ու նոր հեռանկարների համաժողովրդային մթնոլորտում: Կառուցողական բարեփոխումների հնարավորությունը հուսալի է թվում այսօր, երբ Հայաստանը շրջում է կառավարման անցյալի էջը՝ ազգային միասնականության ու բարգավաճման նոր փուլ թևակոխելու տրամադրությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ազգային գերակայությունների օրակարգը մշակելու ու պետության բնականոն գործընթացը ղեկավարելու ծանր պատասխանատվության առջև: Լայն տարողություն ունեցող այս հանձնառության ստանձնումը ենթադրում է մնայուն մարտահրավերների դիմագրավման կողքին, Հայաստանի վերածննդից ի վեր, անցնող 27 տարիների ընթացքում իրագործված ձեռքբերումների ամրապնդումը: ՀԲԸՄ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին լավագույնն է մաղթում իր բոլոր նախաձեռնություններում: Մենք պատրաստ ենք ժողովրդի կյանքի բարելավմանն ուղղված մեր աշխատանքներով արդյունավետ գործակցություն ցուցաբերել նորընտիր վարչապետին ու նրա կառավարչական կազմին: Հավատարիմ 112 տարիների իր ազգանվեր առաքելությանը, ՀԲԸՄ-ն շարունակելու է գործել հայրենի կառավարության կողքին ի նպաստ հայ ժողովրդի բարօրությանը Հայաստանում թե սփյուռքում՝ կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական ու ըստ անհրաժեշտության՝ մարդասիրական օգնության ծրագրերի միջոցով: Ինչպես տարբեր առիթներով բազմիցս հայտարարել ենք, ՀԲԸՄ-ն համոզված է, որ կառավարական բոլոր մարմինների, ինչպես նաև Հայ Եկեղեցու սերտ համագործակցությամբ է միայն հնարավոր լավագույնս ծառայել մեր ազգի և ժողովրդի շահերին: