Սրացումները սկսվում են սունկը կուլ տալուց անմիջապես հետո. Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սնկի ազդեցությունը ես չգիտեմ, որովհետև չեմ փորձել, բայց ինձ թվում է սրացումները սկսվում են կուլ տալուց անմիջապես հետո»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ծիծաղով է պատասխանում լրագրողի՝ սունկի ազդեցության մասին հարցին:
Ասուլիսի սկզբում Սամվել Կարապետյանը նաև անդրադարձել էր վարչապետի հայտարարություններին՝ կոչ անելով մարդկանց «ուշադրություն չդարձնել դրանց»։ Նրա խոսքով՝ անցյալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստան այցի ընթացքում օգտագործել է հալյուցինացիաներ առաջացնող սնկեր և քանի որ հավանել է, մեկ տոննա բերել է Հայաստան։
«Ինֆորմացիա ունեմ, որ կերել է, հավանել է, մեկ տոննա էլ բերել է Հայաստան, հիմա երբ ելույթ է ունենում, ամբիոն բարձրանալուց առաջ անպայման օգտագործում է այդ սնկերից»,- ասել է Կարապետյանը։
Կարապետյանը միանշանակ բացառեց իր և իր քաղաքական թիմի կապը Ռուսաստանի Դաշնության հետ՝ հավելելով, որ եթե գործող իշխանությունը վերարտադրվի, ապա «Հայաստանը ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբեռնիա կդառնա»։
«Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս Ադրբեջանի մարզպետի դերում»,- հայտարարեց նա։