«Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ զորավարժություն
Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն` ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արտյոմ Առաքելյանի ղեկավարությամբ «Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ զորավարժություն, որին ներգրավված էին զորամասերի ենթակա ստորաբաժանումներից մեկը` ուժեղացված տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումներով, հայտնում է Artsakhpress-ը:
Նախքան կրակային փուլի մեկնարկը, զորամասի ենթակա ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները շրջեցին ուսումնական կետերով, որտեղ պարապմունքի ղեկավարները մանրամասն ներկայացրին ուսուցանվող թեմաները` հանգամանորեն պատասխանելով նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Զորավարժությունը միտված էր կատարելագործելու ուսուցանվող սպաների ունակությունները մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների հմուտ ղեկավարման գործում, ինչպես նաև մարզելու նրանց կողմից որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցության անընդհատ ապահովման կարողությունները:
Զորավարժության հիմնական նպատակներից էր մարտական հրաձգության առավել մոտ պայմաններում` մարտական խնդիրների կատարման ընթացքում կազմակերպել վաշտերի, դասակների ու ջոկերի անձնակազմերի ներդաշնակ գործողությունների ուսուցանումը: