Պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում. Ա. Միրզոյան
Կառավարության նիստին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ծառայողական մեքենաներին` նշելով. «Ժամանակակից աշխարհում տարբեր այլ լուծումներ կան այս հարցով։ Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել։ Պետք է զբաղվել այս հարցով ու առաջարկներ ներկայացնել»: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ուսումնասիրել է խնդիրը. «Պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ու սա ծախսերի ավելորդ վատնում է։ Առաջին փոխվարչապետի հաշվեկշռում կա հինգ մեքենա, մենք երեքից հրաժարվել ենք, իսկ երկուսի նպատակահարմարությունը կքննարկենք։ Բոլոր նախարարություններում այս հարցը պետք է վերանայել եւ խնդրում ենք` կոնտակտ հաստատել փոխվարչապետերի հետ»։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր կողմից նաեւ ավելացրեց. «Գործուղումների հարցը եւս պետք է վերանայել, քանի որ դրանք երբեմն վերածվում են նաեւ տուրիստական շրջագայությունների»։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր կողմից ավելացրեց. «Այս հանձնարարականները պետք է ուղղել պետգույքի վարչությանը, որ միասնական հարցը քննարկվի, քանի որ նպատակահարմար չէ նիստի ժամանակ նման տեխնիկական հարցեր լուծել»: «Այս քննարկումները մեզ վնաս չեն բերում»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։