Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականները դժգոհ են՝ Սարդարապատ չհրավիրվելու կապակցությամբ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol1-6

Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից հավասար՝ 3-ական ներկայացուցիչ է հրավիրվել Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տիգրան Մուղնեցյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հանրապետական» խմբակցության ներկայացուցիչների այն դժգոհությանը, որ խորհրդարանական մեծամասնությունից ընդամենը երեք պատգավոր է հրավիրվել միջոցառումներին։ Ըստ նրա, ի սկզբանե, նպատակը եղել է ոչ թե որևէ մեկին չհրավիրելը, այլ հյուրերի հնարավորինս ներառական ցանկ ունենալը։ «Բոլոր խմբակցություններից հավար թվով պատգամավորներ են հրավիրվել, մի քանի միլիոնանոց երկրում բազմաթիվ խմբեր կան, որոնց ներկայացուցիչների ներկայությունը նույնպես կարևոր էր», - ասել է Մուղնեցյանը։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր չի մասնակցել Սարդարապատում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է տարածել այս կապակցությամբ:

«Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։ Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում։ Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։ Այսպիսով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»,- հայտարարել է նա։

«Սա ակնհայտ խտրականություն է»,- ասել է  Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ փոխնախագահներին Սարդարապատ չհրավիրելու մասին։

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ հիմա ինքը երկրում չի, բայց չի էլ հրավիրվել. «Երբեւէ նմանատիպ դեպք չի եղել, սա ակնհայտ խտրականություն է: Սա ոչ մի կապ չունի ոչ միասնականության հետ, ոչ էլ առհասարակ պետականամետ մտածելակերպի հետ»: Նույն աղբյուրը հայտնում է, որ  ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասել է. «Ինձ համար անսպասելի էր: Որեւէ միջոցառում, այն էլ՝ համապետական կարեւորության այդպիսի միջոցառում եւ կանգնած են երկրի նախագահը, երկրի վարչապետը, չի կարող ներկա չլինել ԱԺ նախագահը: Ինձ թվաց՝ սա ուղղակի թյուրիմացություն է: Նկատեցի, որ շատ քիչ պատգամավորներ կային այնտեղ: Ինքս անձամբ որեւէ հրավեր չեմ ստացել: Կարող եմ ասել, որ առնվազն տարակուսելի է այս ամենը, եթե նույնիսկ ԱԺ նախագահն էլ չի հրավիրվել, կներեք, սա արդեն իրոք անթույլատրելի է: Ես չգիտեմ՝ ո՞վ էր հրավիրողը՝ նախագա՞հը, թե՞ կառավարությունը»:  Այսօրվա տոնը որեւէ մեկի սեփականությունը չէ, որեւէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որեւէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։