Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքի նախարարությունում աուդիտ կանցկացվի (տեսանյութ)

Քաղաքականություն
mxitar-hayrapetyan

Սփյուռքի նախարարության հիմնական, գլխավոր ծրագրերից երեքի մեկնարկը ժամանակավորապես հետաձգվում է։ Խոսքը մասնավորապես «Արի տուն», «Իմ Հայաստան» և «Ամառային» ծրագրերի մասին է, որոնք պետք է մեկնարկեին հունիսի 17-ից։ Այս մասին տեղեկացրեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ նախարարի՝ հետաձգումը պայմանավորված է որոշ ֆինանսական չարաշահումների պարզաբանման հետ, ինչը նախարարի մոտ կասկածի առիթ է տվել։ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ բոլոր ծրագրերի ծախսերի, ֆինանսական հարցերի վերջնական պարզաբանման դեպքում միայն իրենք կշարունակեն աշխատանքը նշված ծրագրերի հետ։ «Երբ սկսեցի մանրամասն ծանոթանալ տենդերների, ֆինանսական ծախսերի հետ, ինձ մոտ առնվազն մտահոգություններ առաջացան, որի հետևանքով ես սկսեցի հարցականի տակ դնել այս փուլում ծրագրերի իրականցումը: Առնվազն չենք բացառում, որ 2018 թվականի պետբյուջեով հաստատված ծրագրերը, որոնք դեռևս չեն իրականացվել, սակայն դրանց համար անցկացվել են համապատասխան մրցույթներ, կարող են դրանցում առկա լինել կոռուպցիոն ռիսկեր։ Երբ հասկացանք, որ պետք է ստուգումներ արվի ֆինանսական ծախսերի ու տեղաշարժերի հետ կապված, ես հանդիպեցի պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ, ներկայացրեցի իրավիճակը և համաձայնություն ձեռք բերվեց, որ մենք պետք է համատեղ աշխատենք, որպեսզի փորձենք հասկանալ, տեղին են մտահոգությունները, թե ոչ: Սանասարյանի հանձնարարականով կանցկացվի աուդիտ նախարարությունում»,- նշեց Հայրապետյանը: Նախարարի խոսքով՝ կասեցնելու փոխարեն ընտրել է միայն ժամանակավորապես հետաձգել ծրագրերի մեկնարկը։ Նա հավելեց, որ  ծրագրերի ժամկետների մասին կհայտնեն օրերի ընթացքում, սակայն հունիսի 17-ից դրանք չեն մեկնարկի: Նախարարին հատկապես կասկածելի էր թվում տենդերների հարցը, երբ նույն կազմակերպությունը կամ նույն հյուրանոցը տարիներ շարունակ շահում է։ «Անունները կհրապարակվեն իրավապահ մարմինների ուսումնասիրություններից հետո: Դեռևս փաստեր չկան, սակայն կան խոսակցություններ, որ սույն ՍՊԸ-ների գոնե մի մասը անմիջական կապ են ունեցել ՊՈԱԿ-ի նախկին ղեկավարության այս կամ այն աշխատակցի հետ»,- ասաց նա: Կասկածի տեղիք էր հանդիսացել նաև «Արի տուն» ծրագրի մասնակիցների լանչը, երբ յուրաքանչյուրին տրամադրվել է 8000 դրամ։  «Ի՞նչ է, գա՞ռ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր: Տեղափոխությունների թիվը ևս մտահոգիչ է։  Օրինակ ԵՊՀ-ից 1-1,5 կմ հեռավորության վրա գտնվող ինչ-որ հյուրանոցից մեկ երեխայի համար ԵՊՀ տեղափոխվելու համար տրամադրվել է տաքսի` 1300 դրամով: Երբ մինիմալով գնալ գալը հաշվում ես 1200 դրամ է կազմում, կամ մեկ տաքսիով հնարավոր մեկ երեխա՞ են տեղափոխել ինչ է»,- ասաց Մխիթար Հայրապետյանը։