Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք հնարավորություն կտանք, որ այդ ծրագիրն ընդունվի․ Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-12-1

«Հայաստանի  Հանրապետական» կուսակցությունը չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո։ «Մենք հնարավորություն կտանք, որ այդ ծրագիրն ընդունվի, անհրաժեշտ ձայները կապահովենք։ Ինչպես վարվեց Հանրապետական խմբակցությունը մայիսի 8-ին, այնպես էլ հունիսի 8-ին մենք կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արհեստական խոչընդոտներ չենք ստեղծի»,- ասաց Շարմազանովը՝ միևնույն ժամանակ նշելով կառավարության ծրագրի բացերն ու թերությունները։ «Մենք գտնում ենք, որ սա բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ արհեստավարժ կառավարության ծրագիր։ Այս կառավարության ծրագրում չկան ոչ միայն թվեր, այլ չկա նշած, թե ինչպե՞ս, ո՞նց պիտի լուծվեն այս կամ այն հարցերը։ Մենք տվել ենք 7,5 % տնտեսական աճով երկիր։ Թվերը կարևոր են, որ հասարակությունը հասկանա, թե այս մեկ տարվա ընթացքում կամ երկու տարվա ընթացքում այս կառավարությունը ինչպիսի՞ զարգացման տեմպեր է ապահովելու։ Չմոռանանք՝ վարչապետ Փաշինյանը խոսում էր թռիչքային զարգացման մասին։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւր են այդ թվերը։ Հեղափոխական զարգացման մասին է գրվում, բայց դա ինչպե՞ս է լինելու, ո՞նց է լինելու»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը։ Նա ասաց, որ ՀՀԿ հիմնական թիմը ամեն դեպքում դեմ կքվեարկի ծրագրին, որոշները կողմ կքվեարկեն՝ ապահովելու անհրաժեշտ քվե և արհեստական խոչընդոտ չեն հանդիսանա։ «Մենք դեմ կքվեարկենք, քանի որ  այս ծրագրում չենք տեսնում քաղաքական ծրագիր, իսկ քաղաքական ծրագիրը բյուջեի հետ մեկտեղ ամենակարևորագույն փաստաթուղթն է։ Այստեղ չկա ռազմավարություն, կան միայն ցանկություններ։ Երկրորդը, մենք քաղաքական ընդդիմություն ենք և վերահաստատելու ենք մեր դիրքորոշումը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով ընտրական օրենսգրքի բարեփոխումներին՝ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ «Հանրապետական» կուսակցությունը պատրաստ է լսել թե՛ առաջարկները, թե՛ տալ առաջարկություններ և հասնել ընտրական օրենսգրի բարելավմանը։ Արցախում տեղի ունեցող դեպքերի մասով Շարմազանովը նշեց, որ պետք է սատար կանգնել Արցախի իշխանությանը և ներքին խժդժությունները շատ արագ կարգավորել։ «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, չի կարող տեղի ունենալ Արցախում։ Համամիտ եմ Տեր-Պետրոսյանի հետ։ Թշնամին նենգ է և պետք է զգուշանալ»,- ավելացրեց նա։ Ավելին՝ տեսանյութում։