Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհրաբյանը ներկայացրեց ՀՀԿ բոլոր Կառավարությունների «խալաստոյ» խոստումները (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled6-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Կառավարության ծրագրի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ որոշել էր խոսել բացառապես ծրագրի մասին.

«Սակայն սնամեջ դատողությունների եմ հանդիպել մամուլում, ըստ որոնց ՀՀԿ մեր գործընկերների սիրտը կոնկրետ թիվ է ուզում։ Քաղաքականությունը ինձ համար ինչ-որ տեղ ճշգրիտ գիտություն է, դրա համար հիմա փորձեմ ներկայացնել ՀՀԿ բոլոր Կառավարությունների «խալաստոյ» բոլոր խոստումները։ Սկսենք ամենամեծ բլեֆից` ՀՀԿ վարչապետերից մեկը 850 մլն դոլար ներդրումների մասին խոսեց, բովանդակություն շահելու անհաջող փորձեր սկսեցին նախարարները, որը արդյունքում համաշխարհային տնտեսագիտության մեջ բլեֆագիտության հանճարեղ փորձ էր։ Շարունակենք շարքը` Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը, Գյումրու տեխնոպարկ, 8-10 տոկոսային կետով աղքատության կրճատում։ Աղքատության ցուցանիշն այսօր կազմում է 30 տոկոս, որին, եթե գումարենք աշխատող աղքատների թիվը, կունենանք 60 տոկոսանոց աղքատություն։ Այս դահլիճում ներկա նախկին մի պաշտոնյա, Բոնապարտին վայել վստահությամբ հայտարարություն էր անում, թե բոլոր դպրոցները համակարգիչներով են հագեցված լինելու։ Այդպես էլ չեղավ»:

Ընդմիջմանը ընդամենը երեք րոպե էր մնացել, սակայն տիկին Զոհրաբյանը խոստացել էր, որ ժամանակահատվածում կտեղավորվի իր ելույթը, մինչդեռ ժամանակից անցել էր, սակայն նա դեռ ելույթ էր ունենում։ «Տիկին Զոհրաբյան, ես ձեզ զգուշացրել էի։ Հիմա դուք ոտնահարում եք ձեր գործընկերների իրավունքները»,- նկատեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«Ոչինչ, էդքան ժամանակ դուք եք ոտնահարել մեր իրավունքները»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը։ ՀՀԿ խմբակցության պատգամավորները ցուցադրաբար սկսեցին լքել դահլիճը։ Նաիրա Զոհրաբյանը շարունակեց` առանց դադարի. «Երկրի Սահմանադրությունը սարքել եք պոլի շոր։ Իսկ հերոսաբար դահլիճը լքած ՀՀԿ պատգամավորներ, դուք այս դահլիճում դիսկոնֆորտ եք զգում, նորմալ է, քանի որ բեսպրեդել, ամենաթողություն եւ նման այլ բառերը ձեզ համար տրինաժորնի գնալու նման մի բան է։ Միայն ուժեղը կարող է գիտակցել իր սխալն ու գնալ առաջ։ Մենք կողմ ենք քվեարկելու Կառավարության ծրագրին»: