Հիմնականում հաղթել են անկուսակցականները (տեսանյութ)
Հունիսի 10-ին ՀՀ 6 մարզի 18 համայնքում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ՝ 8-ում համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամի եւ 4-ում՝ միաժամանակ եւ համայնքի ղեկավարի, եւ ավագանու անդամի ընտրություններ: «Ընտրություններին այդ համայնքներում չեմ եղել, մամուլից եմ իմացել. մի համայնքում կար որոշակի բողոք, քանի որ իր աշխատասենյակում նստած գուրմարներ է բաժանել, իսկ մյուս համայնքներում այդպես բողոքներ չկան»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տարածքային կառավարման, ՏԻՄ, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: ՏԻՄ ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելին, քան 15 հազար ընտրող կամ 54,67 տոկոսը: Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված 27 թեկնածուից 22-ն ինքնաառաջադրվել է, 4-ը` ԲՀԿ-ից եւ միայն մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ից: Ավագանու անդամի համար առաջադրված 79 թեկնածուից 76-ը ինքնաառաջադրվել է, 2-ը՝ ՀՀԿ-ից եւ մեկ թեկնածու՝ ԲՀԿ-ից: «Հիմնականում անկուսակցականներ են հաղթել, թե հետագայում ինչ դիրքորոշում կունենան, դա արդեն ուրիշ հարց է: Ճիշտն ասած՝ ես չեմ տիրապետում, թե նախկինում նրանք որ կուսակցության անդամ են եղել, բայց քանի որ ընտրությունների մասնակցության ժամանակ ներկայացնում են նաեւ իրենց կուսակցությունը, ներկայացել են որպես անկուսակցականներ», նշեց Վարդեւան Գրիգորյանը: ԲՀԿ-ն համայնքապետի թեկնածուներ էր առաջադրել 4 համայնքում, որից երկուսում հաղթել են: Բոլոր թեկնածուներն անկուսակցական են եղել: Հաշվի առնելով ՏԻՄ վերջին ընտրությունները, տպավորություն է, որ կուսակցություններն այնքան էլ հետաքրրքված չեն դրանցով. «Հիմնականում այն կուսակցություններն են մասնակցում ՏԻՄ ընտրություններին, որոնք նաեւ ակտիվություն են ցուցաբերում ԱԺ ընտրություններին՝ ՀՀԿ, ԲՀԿ, նաեւ այս շրջանում սկսել է ակտիվորեն մասնակցել ՔՊԿ-ն: Փոքր համայնքներն ունեն առանձնահատկություններ՝ հաղթում են այն թեկնածուները, որոնց ազգուբարեկամն ավելի շատ են փոքր համայնքներում»: Ըստ ԿԸՀ տվյալների՝ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու անդամի ընտրությունը համարվել է չկայացած, քանի որ որևէ թեկնածու չի գրանցվել: Նոր ընտրությունը կանցկացվի հունիսի 24-ին: