ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԼՈւՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈւՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեո Բենհակերը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հետ հունիսի 6-ին եւ 2-ին կայանալիք հանդիպումներից առաջ ինքը կադրային լուրջ խնդիրներ ունի:
Լեհական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Բենհակերը հայտնել է, որ դեռ չգիտի թե, ովքեր են հանդես գալու Երեւանում եւ Բաքվում, թեեւ հրապարակել է շուտով մեկնարկելիք ուսումնամարզական հավաքի մասնակիցների անունները. «Ես չեմ ընտրում հիմնական կազմը ելնելով ֆուտբոլիստների անուններից:
Խաղադաշտ դուրս կգան նրանք, ովքեր տվյալ պահին լավ մարզավիճակում են»: «Եվրո-2008»-ի ընտրական Ա խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորող Լեհաստանի հավաքականին առաջիկա հանդիպումներում միայն հաղթանակ է անհրաժեշտ, սակայն, ըստ Բենհակերի` դա բավական բարդ խնդիր է. «Ադրբեջանը եւ Հայաստանը մեր խմբում ֆավորիտներ չեն, սակայն նրանք սեփական հարկի տակ հաջող են հանդես գալիս: Ֆինլանդիայի հավաքականը Բաքվում պարտվել է, իսկ Երեւանում ոչ-ոքի խաղացել, չնայած` ոչ-ոք չէր կասկածում, որ նրանք կհաղթեն»: Հոլանդացի մասնագետը նշել է նաեւ, որ վնասվածքներ ունեն Ռադոսլավ Մատուսյակը, Գժեգոժ Ռասյակը, Մարեկ Սագանովսկին, Միխալ Ժեւլակովը, Էբի Սմոլյարեկը եւ Յացեկ Կրժինովեկը. «Հույս ունենք, որ Մատուսյակը կարող է վերակագնվել մինչեւ հունիս, սակայն, եթե դա տեղի չունենա, կփորձենք այլ ֆուտբոլիստներով հաղթել մրցակիցներին»: Լեհաստանի հավաքականի պաշտպան Յացեկ Բակն էլ հայտարարել է, թե Կովկասից իրենց կվերադառնան 6 միավորով. «Դա մեր ուժերից վեր չէ»: Հիշեցնենք, որ Հայաստա - Լեհաստան հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: