Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՎԹ ՈՒ ԳԱԶ ԵՆ ՈՐՈՆԵԼՈՒ

Տնտեսություն

Vangold Resources Ltd. կանադական ընկերությունը 50 տոկոսի մասնաբաժնով միացել է Հայաստանի էներգետիկայի նախարարության եւ Blackstairs Energy իռլանդական ընկերության միջեւ ստորագրված` արտադրանքը համատեղ տնօրինելու մասին պայմանագրին:

Market Wire գործակալության փոխանցմամբ` կանադական եւ իռլանդական ընկերությունները Հայաստանի տարածքում նավթի եւ գազի որոնման աշխատանքներ են կատարելու: Ածխաջրածնային հումքի որոնումներն իրականացվելու են 5 տարվա ընթացքում եւ ընդգրկելու են 13700 քառակուսի կիլոմետր տարածք, հիմնականում Հայաստանի կենտրոնական եւ հարավային շրջաններում: Որոնման ժամկետը հետագայում կարող է երկարաձգվել: Աշխատանքը իրականացվելու է երեք հնարավոր հանքատեղիներում՝ Հոկտեմբերյանի, Արտաշատի եւ Սուրենավանի մերձակայքում: Ըստ մասնագետների, հետախուզական հորատման աշխատանքների արդյունքում ժամանակին նավթի եւ գազի հետքեր են նկատվել Գառնիում, Սեւանում, Վեդիում եւ մի շարք այլ վայրերում:

Blackstairs Energy մասնավոր ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Դուբլինում, Երեւանում գրասենյակ է բացում: Այն ղեկավարելու է փորձառու մենեջեր Թիմ Փափուորթը: Այժմ կազմվում է տեխնիկական եւ վարչական խումբը: Հայաստանում որոնման աշխատանքներն իրականացնող թիմի կազմում կլինի նաեւ Blackstairs-ի գործադիր տնօրեն Ջերարդ Շիհանը: Այդ թիմը նավթի եւ գազի որոնման արդյունավետ աշխատանքներ է կատարել Թունիսում, Եգիպտոսում, Նամիբիայում, Ռուսաստանում, Լիբիայում եւ մի շարք այլ երկրներում:

Հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: