Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց Մեսիի «Բարսելոնան» ավելի ուժեղ է, քան «Ռեալը»՝ առանց Ռոնալդուի

Սպորտ
a1barcelona-28.10.-1

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում կայացավ այսպես ասած` Էլ Կլասիկոն: Երկրի գործող չեմպիոն «Բարսելոնան», որը նախօրեին առաջին տեղը զիջել էր «Աթլետիկոյին», իր հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալին»: Կատալոնցիներն արդեն առաջին կեսում երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Հանդիպման 11-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի Կոուտինյոն, իսկ 30-րդ րոպեին 11մ հարվածով հաշիվը կրկնապատկեց ուրուգվայցի Լուիս Սուարեսը: Ընդմիջումից հինգ րոպե անց «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն մեկ գնդակ հետ բերեց հյուրերի համար: Այդ գոլը, սակայն, ավելի զայրացրեց դաշտի տերերին, որոնք սկսեցին էլ ավելի մեծ ուժերով գրոհել, որի արդյունքում խաղավերջում իրար հետևից երեք գոլ խփեցին եւ ջախջախեցին իրենց ամենասկզբունքային մրցակցին՝ 5:1: Երկու անգամ աչքի ընկավ Լուիս Սուարեսը, իսկ հանդիպման վերջակետը 87-րդ րոպեին դրեց չիլիացի Արթուրո Վիդալը: «Բարսելոնան» վաստակեց 21 միավոր եւ կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունն առաջնությունում ու վաստակած 14 միավորով նահանջեց 9-րդ հորիզոնական: Ի դեպ, վերջին 10 տարվա մեջ թիմերն առաջին անգամ հանդես եկան առանց իրենց առաջատար հարձակվողների: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նախորդ տուրում վնասվածք էր ստացել եւ ստիպված բաց թողեց խաղը, իսկ ահա մադրիդցիների պորտուգալացի գրոհային Քրիշտիանու Ռոնալդուն, ինչպես հայտնի է, այս տարի տեղափոխվել է իտալական «Յուվենթուս»: Այնպես որ, առանց Մեսիի «Բարսելոնան» ավելի ուժեղ գտնվեց, քան առանց Ռոնալդուի «Ռեալը»: