Բանակցային ձևաչափը փոխելու համար երկու կողմի համաձայնությունն է հարկավոր. Լավրով
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցություններին ԼՂ մասնակցության խնդրին։ «Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մենք արդեն մեկնաբանել ենք: Դա այն հարցն է, որը պետք է որոշվի հակամարտող երկրների կողմից: Ժամանակին ԼՂ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, սակայն ձևաչափը փոխվել է, և բանակցություններն արդեն շատ տարիներ տանում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, մենք ելնում ենք այն իրողություններից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում ԼՂ մոտեցումները: Բանակցային ձևաչափը փոխելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը, որն այս պահին չկա»,- ասաց Լավրովը: