A
A
Հայ-իրանական հարաբերությունները 1-2 օրվա հարաբերություններ չեն
Հարցազրույց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ
- Պարո՛ն Ոսկանյան, այսօր ուժի մեջ մտան Իրանի նկատմամբ ԱՄՆ լրացուցիչ պատժամիջոցները։ Ըստ Ձեզ դա ի՞նչ ազդեցոթյոն կունենա հայ-իրանական հարաբերությունների, տնտեսական կապերի վրա. - Ընդհանուր առամբ պետք է նշել գրեթե նույնանման պատժամիջոցներ եղել են նաև նախկինում, և Իրանը եղել է նաև ավելի խիստ պատժամիջոցային ռեժիմի պայմաններում։ Խոսքը վերաբերում է նաև միջազգային պատժամիջոցներին։ Այս փաթեթը և սրան նախորդող փաթեթը, ըստ էության, մի պետության կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցային համակարգ է, որը չունի միջազգային բնույթ, հետևաբար միջազգային այլ խաղացողները, ելնելով սեփական շահերից, կարող են որոշել Իրանի հետ ինչպիսի գործակցություն ունենալ և ինչ ծավալի գործակցություն ունենալ։ Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, ապա այդ հարաբերություները, կարծում եմ, կայուն են, և այս իմաստով մենք չպետք է մեր երկու պետությունների միջև առկա կապերը և հարաբերությունները պայմանավորենք որևէ երրորդ պետության հետ հարաբերություններով։ Այս իմաստով, անշուշտ, Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցային փաթեթները, որոշակի ռիսկային միջավայր ստեղծում են նաև հայ-իրանական գործակցության համար, բայց կարծում եմ այդ ռիսկային միջավայրը հաղթահարելի է և հատկապես, եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է Իրանի նավթի արտահամանը, իսկ Հայաստանը Իրանից նավթ ներկրող երկիր չէ, այդ ոլորտում առնվազն մեզ որևէ, նույնիսկ ռիսկային խնդիր չի սպասվում։ Ինչ վերաբերում է բանկային տիրույթին, ապա ակնհայտ է, որ այստեղ նախկինում էլ եղել են դժվարություններ։ Չնայած պատժամիջոցները պաշտոնապես հանված էին, բայց իրականության մեջ, դե ֆակտո, Իրանի հետ բանկային գործարքները միշտ ունեցել են որոշակի դժվարություններ և այս իմաստով, կարծես թե, իրավիճակը այնքան էլ ողբերգական չէ, ինչքան շատ դեպքերում, մեզանում ընկալվում է, կամ փորձ է կատարվում ներկայացնելու։ Մեկ այլ հարթություն էլ կա. ցանկացած պատժամիջոց, ցանկացած դժվարություն, կարծում եմ, որ հնարավորություն է ոչ միայն այդ դժվարությունը հաղթահարելու, այլ նաև այդ փորձությունից հաղթող դուրս գալու համար։ Եվ այս իմաստով Հայաստանի դերակատարությունը պատժամիջոցների ռեժիմում գտնվող Իրանի համար որոշակիորեն մեծանում է՝ որպես բարեկամ, կայուն և վստահելի գործընկեր։ -Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նշեց Իրանի հետ համագործակցության հնարավորության մասին։ Այդ կապակցությամբ ի՞նչ կասեք, ի՞նչ ազդեցություն կունենան այս պատժամիջոցները։ -Կարծում եմ, հատկապես կարևոր է վարչապետի պաշտոնակատարի այն շեշտադրումը, որ Հայաստանը իր հարաբերությունները Իրանի հետ զարգացնելու է՝ հաշվի առնելով բացառապես մեր պետական և ազգային շահը. սա կարևոր շեշտադրում էր, որի շրջանակներում էլ, կարծում եմ, ընդհանրապես մեր քաղաքական վերնախավը պետք է առաջ շարժվի Իրանի հետ հարաբերություններում։ Իսկ այդ պետական և ազգային շահը պահանջում է հայ-իրանական սահմանի ողջ ներուժի օգտագործում, Հայաստան-Իրան հարաբերությունների թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային հատվածի ընձեռած ողջ դաշտի հնարավորությունների օգտագործում և ընդհանրապես Իրանի հետ հարաբերությունների խորացում։ Որովհետև Իրանի հետ հարաբերություններ պահպանող և հարաբերություններ զարգացնող Հայաստանը միջազգային ասպարեզում ունի բոլորովին այլ կշիռ։ Պատկերացնենք մի պահ առանց Իրանի հետ հարաբերություններ ունեցող Հայաստան, որն ունի բոլորովին այլ կշիռ։ Եվ բնական է, որ մեր երկու պետությունները զարգացնում են և զարգացնելու են այդ հարաբերությունները։ Այդ հարաբերությունները 1-2 օրվա հարաբերություններ չեն։ Բոլորը տեղյակ են, որ Հայաստան-Իրան սահմանը, հայ-իրանական սահմանը ընդհանրապես աշխարհի հնագույն սահմաններից մեկն է, երբևիցե երկու պետությունների միջև գոյություն ունեցած և ունեցող, հետևաբար մյուս բոլոր խաղացողները պետք է հաշվի նստեն նաև Հայաստանի շահերի հետ, ինչպես մենք ենք հարգում շատ դեպքերում ուրիշների շահերը, բայց առաջնորդվում ենք սեփական շահով, այնպես էլ կարծում եմ, նույն դիրքորոշումները պետք է լինեն Հայաստանի նկատմամբ։ -Պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի արտգործնախարարները, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, ըստ որի՝ խորապես ափսոսում են ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերասկսման կապակցությամբ։ Ըստ Ձեզ՝ ԵՄ-ի վերաբերմունքն ինչպիսի՞ն կլինի այս հարցում, և դա ի՞նչ ազդեցություն կունենա ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ -Եվրոպացիները նույնիսկ հատուկ մեխանիզմներ են մշակում Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների էֆեկտը սեփական տնտեսության համար և Եվրամիություն, եվրոպական երկրներ-Իրան հարաբերություններում, մեղմացնելու համար։ Կարծում եմ՝ Հայաստանի դիրքորոշումները այս իմաստով համահունչ են եվրոպաական մեր գործընկերների դիրքորոշմների հետ։ Շատ դեպքերում Հայաստանը կարող է հանդես գալ Եվրամիության հետ միևնույն դիրքորոշումային դաշտում, և Եվրամիության կիրառելիք մեխանիզմները, պատժամիջոցները, ասենք՝ ուղղակիորեն շրջանցելու իմաստով, որոշ դեպքերում կարող են ուսանելի լինել նաև մեզ համար։ -Իսկ եթե հայ-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստում դիտարկենք, այսինքն եթե Ամերիկան սանկցիաներ է դնում, պատժամիջոցներ է դնում, հայ-ամերիկյան հարաբերություններում դա ի՞նչ հետևանքներ կունենա։ -Միացյալ Նահանգներն աշխարհի համար մեկ գերտերությունն է, դրանում որևէ կասկած չկա։ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը չի արվում ի հեճուկս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման։ ՀՀ-ն վարել է և կարծում եմ, վարում է ոչ թե շահերի և հակասությունների վրա խաղալու քաղաքականություն, ինչը կարող է հղի լինել մեր պետության համար բավական զգալի վտանգներով, այլ վարում է շահերի համադրման, հնարավոր համադրման քաղաքականություն։ Եվ այս իմաստով Միացյալ Նահանգների հետ էլ մեր պետությունը պետք է շարունակի գործակցել։ Եվ դա նույնպես բխում է մեր պետության առաջնային, կենսական շահերից։ Բայց կրկնեմ՝ մենք մեր հարաբերությունները որևէ պետության հետ չպետք է կառուցենք ի հաշիվ մեկ այլ պետության հետ հարաբերությունների։ Մեր հարևաննները, դիցուք՝ Վրաստանը, ակնհայտորեն վարում է ոչ հավասարակշռված, ոչ բալանսավորված քաղաքականություն՝ գերակայություն տալով համաշխարհային բևեռներից մեկին՝ Միացյալ Նահանգներին։ Հայաստանը, կարծում եմ, երբևիցե չի գնալու այդ ուղով, նախկինում էլ չի գնացել և առաջիկայում էլ չի գնալու այդ ուղով, որովհետև դա չի բխում ուղղակիորեն մեր պետության անվտանգության մասին պատկերացումներից։ -Նշվում է նաև, որ այդ սանկցիաներն ուղղված են նաև արտասահմանյան ընկերությունների դեմ, որ գործարար կապեր ունեն իրենց իրանցի գործընկերների հետ։ -Հայաստանի պարագայում մենք կարող ենք շատ հեշտությամբ այդ խնդիրը լուծել, այլ խոսքերով այն ընկերությունները, որոնք չեն աշխատում Միացյալ Նահանգների հետ, բայց աշխատում են Իրանի հետ, որևէ խնդիր չեն ունենա, մեծ հաշվով որևէ խնդիր չեն ունենա։ Բնական է, որոշակի խոչընդոտներ իմ նշած այդ ռիսկային միջավայրը կարող է ի հայտ բերել, իսկ արդյո՞ք Հայաստանում կան ընկերություններ, որոնք միաժամանակ աշխատում են թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Իրանի հետ, ավելի լուրջ դժվարություններ ունենալու են, եթե կան այդպիսիք։