Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ԿԴԱՌՆԱ ՊԱՐՏԱԴԻՐ

Սպորտ

Արդեն 3 տարի է հայաստանյան ֆուտբոլային ակումբները արտոնագիր են ստանում, որը նրանց հնարավորություն է տալիս մասնակցել Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի գավաթի, Ինտերտոտոյի գավաթի խաղարկություններին: ՈւԵՖԱ-ի կողմից ստեղծված արտոնագրման այս համակարգը ստիպում է ակումբներին ավելի լուրջ մոտենալ իրենց գործին եւ չլինել ակումբ միայն թղթի վրա: «Ա1+»-ի հարցերին պատասպանում է ՀՖՖ-ի արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը, որը նախ համառոտ ներկայացրեց, թե ինչ է ներկայացնում իրենից այս համակարգը:

-Արտոնագրման համակարգը ՈւԵՖԱ-ն հիմնել է 2002թ. եւ այն սկսել է գործել 2004-05թթ. մրցաշրջանից: Կիրառվել է 5 չափանիչ` մարզական, ֆինանսական, ենթակառուցվածքային,իրավական, ինչպես նաեւ կադրային եւ վարչական: Այս 5 չափանիշների ենթաչափանիշներին եւ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ակումբները ստանում են արտոնագիր: ՈւԵՖԱ-ն ստեղծում է լիցենզավորման համակարգի իր ուղեցույցը, որի հիման վրա նրա անդամ ֆեդերացիաները ստեղծում են իրենց ուղեցույցերը: Մենք արդեն աշխատում ենք մեր 3-րդ ուղեցույցով, որի հիմնական տարբերությունը այն է, որ հայաստանյան ակումբները պետք է աուդիտ անցնեն ոչ թե Հայաստանի Հանրապետության աուդիտի դրույթների, այլ ըստ միջազգային չափանիշների:

-Հայաստանում գործող ակումբները համապատասխանո՞ւմ են այդ չափանիշներին:

-«Ա1+»-ը լուսաբանել է այս գործընթացը եւ տեղյակ եք, որ «Շիրակը» այս տարի չի ստացել: Մյուս ակումբների ներկայացրած փաստաթղթերը ստուգելուց բացի, մենք նաեւ տեղում ենք ամեն տարի կատարում ստուգումներ եւ համոզվում, որ փաստաթղթղերի բովանդակությունը համապատասխանում է իրականությանը: Միակ խնդիրը կապված էր «Շիրակի» հետ եւ կարծում եմ դրա պատճառը են այն էր, որ վերջին 2-3 տարիներին թիմը ճգնաժամի մեջ էր: Քանի որ ակումբի հովանավորը վերադարձել է, ես հույսով եմ նման խնդիրներ այլեւս չեն առաջանա:

-Ներկայումս ակումբները արտոնագրվում են եվրոպական մրցաշարերին մասնակցելու համար: Հնարավո՞ր է, որ շուտով արտոնագիրը պարտադիր պայման է լինելու ազգային առաջնություններում ելույթ ունենալ համար եւս:

-Եկող տարվանից արտոնագրման համակարգը բացի միջազգայինից կիրառվելու է նաեւ ազգային մակարդակով: Այսինքն ընթացակարգը կիսվելու է 2 մասի: Նախ ակումբները արտոնագրվելու են վերը նշված չափանիշներից 4-ով, որը նրանց հնարավորություն կտա մասնակցել ազգային առաջնությանը, եւ այն ակումբները, որոնք հանդես են գալիս ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին պետք է ներկայացնեն նաեւ ֆինանսական փաստաթղթեր:

Վերջին 2 տարիներին մենք արտոնագրում էինք բարձրագույն խմբի բոլոր մասնակիցներին: Դա ուներ 2 նպատակ` 1-ին, որ նրանց նախապատրաստեինք գալիք մրցաշրջանին եւ նրանք անակնկալի չգային արտոնագրման համակարգից եւ ազգային առաջնությունը չտապալվեր: Բացի այդ երբ 2004-05թթ. մրցաշրջանում լիցենզավորեցին «Փյունիկ», «Բանանց», «Միկա», «Շիրակ» ակումբներին եւ այնպես ստացվեց, որ «Միկան» «Արդար խաղի» շնորհիվ իրավունք ստացավ մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը, իսկ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությում մասնակից չունեցանք, քանի որ «Կոտայքը» չէր արտոնագրվել:

-Հնարավո՞ր է, որ ՈւԵՖԱ-ն պարտադրի ակումբներին ունենալ կանանց եւ ֆուտզալի թիմեր:

-Կանանց ֆուտբոլը եւ ֆուտզալը ՈւԵՖԱ-ի արտոնագրման չափանիշ չեն: 2006թ. հոկտեմբերին ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված սեմինարում խոսակցություն եղավ, որ հնարավոր է հետագայում նրանք դառնան արտոնագրման համակարգի չափանիշներ: Բայց երբ դա տեղի կունենա առայժմ հայտնի չէ:

-Պարոն Սարգսյան վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ ակումբներ են ստեղծվել, որոնք մի քանի ամսվա կյանք են ունեցել: Ըստ Ձեզ արտոնագրման համակարգը, որի չափանիշները գնալով խստացվում են, կարո՞ղ է կանխել այս խնդիրը:

-Կարծում եմ այո, քանի որ չափանիշների կառուցվածքը այնպիսին է, որ ակումբները պետք է մի քանի փուլ անցնեն, որպեսզի ստանան արտոնագիր: Մասնավորպես` մարզական չափանիշներով մենք այնպիսի քայլ ենք ենք ձեռնարկում, որը իմ կարծիքով հնարավորություն կտա հետագայում ստեղծել 2-րդ կամ փոխարինողների լիգա: Ընդհանրապես, երբ 2002թ. սկսվեցին աշխատանքները, 2003թ. վերջում կիսախուճապ վիճակ էր թե մեզ մոտ, թե ակումբների, որովհետեւ տեղյակ չէինք, թե համակարգը գործնականում ինչ է ներկայացնում իրենից եւ միայն տեսականորեն էինք պատկերացնում այն: Շատերը ասում էին`վերջ, Հայաստանը չի մասնակցի ՈւԵՖԱ-ի մրցաշարերին, քանի որ ոչ մի ակումբ արտոնագրման համակարգին չի համապատասխանի, եւ այլն: Բայց արի ու տես, որ արտոնագրումը ոչ մի աներեւակայալի բան չի ներկայացնում: Միգուցե ենթակառուցվածներով եւ ֆինանսներով մեր ակումբները զիջում են եվրոպական մի շարք երկրների ակումբներին, սակայն մեր ակումբներում աշխատում են այնպիսի երիտասարդ կադրեր, որոնց իրենց մոտ կցանկանային տեսնել ցանկացած եվրոպական երկրում:

Զրուցեց` ԱՐԹՈւՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ