Բռնցքամարտի 2-րդ ֆեդերացիայի հարցը փակված է. Արթուր Գևորգյան
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ 13-րդ համաժողովը: Օրակարգում 4 հարց էր դրված: Առաջինը 2018 թվականի Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակիրների եւ մարզիչների պարգեւատրումն էր: Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը միանգամից սկսեց 2-րդ հարցից՝ մասնակիցներին ծանոթացնելով 2018թ Մոսկվայում կայացած ԱԻԲԱ-ի կոնգրեսի ժամանակ ընդունված նորությունների հետ: Մասնավորապես՝ 2019 թվականից սկսած հավաքականների գլխավոր մարզիչները իրավունք ունեն բողոքարկել 2 մրցամարտ, սակայն հանդիպումից անմիջապես հետո, 15 րոպեի ընթացքում: Յուրաքանչյուր բողոքարկման համար ֆեդերացիան վճարում է 1000 դոլար: Եթե ֆեդերացիան հաղթում է բողոքարկումը, ապա այդ դեպքում այն ստանում է 5000 դոլար փոխհատուցում: Քննարկվեցին նաեւ կարգապահական հարցեր: Արթուր Գեւորգյանն ասաց, որ Երեւանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցը զրկվել է ՀԲՖ-ի անդամությունից, քանի որ այն իր սաներին թույլ չի տվել մասնակցելու Հայաստանի առաջնությանը: Օրակարգի չորրորդ հարցը վերաբերում է ֆեդերացիայի կանոնադրությանը: Արթուր Գեւորգյանը տեղեկացրեց, որ ԱԻԲԱ-ի նոր պահանջով ազգային ֆեդերացիաների կանոնակարգերը պետք է համապատասխանեցվի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի հետ: «Դա արվում է նրա համար, որպեսզի պատահական մարդիկ չհայտնվեն բռնցքամարտի ֆեդերացիաներում: Մասնավորապես՝ ազգային ֆեդերացիայի նախագահի թեկնածու կարող է լինել միայն գործկոմում երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող անդամը», - պարզաբանեց նախագահը: Արթուր Գեւորգյանը հերթական անգամ անդրադարձավ բռնցքամարտի նորաստեղծ ֆեդերացիային, որը ցանկանում է զբաղեցնել հենց իր ղեկավարած կազմակերպության տեղը: Աժ պատգամավորն ասաց, որ այդ հարցը վերջնականապես փակված է, քանի որ բռնցքամարտի միջազգային, եվրոպական ֆեդերացիաները, ինչպես նաեւ միջազգային օլիմպիական կոմիտեն ճանաչում են միայն ՀԲՖ-ին: