ՏԻԳՐԱՆԸ ՉՕԳՆԵՑ ՏԻԳՐԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՍեւանում շարունակվում է շախմատի միջազգային մրցաշարը, որի 5-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այս անգամ Պետրոսյանը սեւերով առավելության հասավ Ավետիք Գրիգորյանի նկատմամբ: Այժմ Պետրոսյանը իր ակտիվում ունի 3 միավոր, քանի որ 1-ին 2 տուրերում պարտություններ էր կրել:
Այս ցուցանիշով հայ գրոսմայստերը 10 շախմատիստների պայքարում ընթանում է 2-4-րդ տեղում, իսկ մրցաշարային աղյուսակը 3.5-ական միավորով գլխավորում է հնդիկ Գոպալը: Վերջինս այս տուրում հաղթել Է Տիգրան Քոթանջյանին, որը չկարողացավ գոնե կես միավոր խլել հնդիկ շախմատիստից եւ հնարավորություն տալ Տիգրան Պետրոսյանին հավասարվել նրան:
Քոթանջյանը այս մրցաշարում բավական անհաջող է հանդես գալիս եւ 1.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում անհաջող հանդես եկավ նաեւ Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով զիջեց Լի Չաոյին: Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը սեւերով պարտվեց Բարտլոմեյ Մաչեային: Միակ ոչ-ոքին գրանցվեց Յուրի Վովկ - Արման Փաշիկյան մրցավեճում: