Գագիկ Ծառուկյանի մտերիմ շեյխը լքել է պաշտոնը
Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը կլքի իր պաշտոնը: Այդ մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Ինչպես հայտնում է աղբյուրը, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն անձամբ խնդրել է շեյխին չդնել իր թեկնածությունն ասոցիացիայի առաջիկա ընտրություններում: Ասոցիացայի նախագահն արդեն տեղեկացրել է, որ դադարեցնում է իր գործունեությունը կազմակերպության բոլոր պաշտոններում: Շեյխ Ահմադ Ալ Ֆահադի եւ եւս չորս անձի Շվեյցարիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել կեղծ տեսահոլովակներ ստեղծելու մեջ, որոնք ուղղված են եղել Քուվեյթի կառավարության երկու անդամների դեմ: Նշվում է, որ ԱՕԿԱ-ի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարելու է Օվկիանիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Ռոբին Միտչելը: Հավելենք, որ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը շատ լավ հարաբերությունների մեջ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ավելին, նրանք մոտ գործընկերներ են: Մասնավորապես՝ այս ամսվա սկզբին նա աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան: Հանդիպման ժամանակ նա կրկին անգամ հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաղթանակի դեպքում պատրաստ է միլիարդավոր դոլարների ներդրում կատարել Հայաստանում: