Արտյոմ Սիմոնյանը լքեց «Ալաշկերտը»
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Պատճառների մասին խոսել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, ով հանդես է եկել հայտարարությամբ ու կոչով: «Մենք խզել ենք Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիրը, քանի որ հայկական ակումբներից մեկը պայմանագիր է առաջարկել մեր ֆուտբոլիստին` չնայած այն հանգամանքին, որ Սիմոնյանը գործող պայմանագիր ուներ «Ալաշկերտի» հետ: Մոտ ապագայում բոլորդ կիմանաք, թե որ ակումբի մասին է խոսքը: Կոչ եմ անում հայկական բոլոր ակումբներին զերծ մնալ նման արատավոր պրակտիկայից և բանակցություններ չվարել ուրիշ ակումբի հետ գործող պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի հետ` առանց իր ակումբի իմացության: Ֆուտբոլային էթիկայի կանոններից ելնելով, դա կարելի է անել այն ժամանակ, երբ տվյալ ֆուտբոլիստը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ: Եկեք չմոռանանք, թե ինչ ծախսեր են անում ակումբներն իրենց ֆուտբոլիստների հետ կապված և ոչ ոք չի ցանկանա հենց այնպես բաժանվել իր խաղացողից: Սակայն, «ինկոգնիտո» բանակցությունների օգնությամբ և «ոսկե սարեր» խոստանալով որոշ մարդիկ պարզապես հեղաշրջում են ֆուտբոլիստին և մեծապես ազդում նրա որոշման վրա: Բայց երբ խոսք է գնում նույնիսկ չնչին գումարային կոմպենսացիայի մասին, այդ ակումբների հետաքրքրվածությունը ֆուտբոլիստի ծառայություններով անմիջապես անհետանում է», - նշել է Բագրատ Նավոյանը: Հավելենք, որ Արտյոմ Սիմոնյանը «Ալաշկերտ» տեղափոխվել է 2017 թվականի օգոստոսին, շվեյցարական «Ցյուրիխից», ընդ որում՝ անվճար: