Մարդկանց պետք է բերել քննադատական մոտեցման. քաղաքագետ
ՌԱՀՀԿ գրասենյակում «Խաղաղության տեսլական.Ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» ուսումնասիրության շնորհանդես-քննարկումն էր տեղի ունենում: Բանախոսներն էին Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը եւ ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը: Գեղամ Բաղդասարյանը ներկայացնում էր իրենց հետազոտությունների, հարցումների արդյունքները կարծիքների վերլուծության վերաբերյալ: Ըստ Բաղդասարյանի՝ Ղարաբաղյան հակամարտության խնդիրն այն աստիճանի է արմատացել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է ինքնության մի մաս: Բաղդասարյանի խոսքով՝ մարդիկ մերվել են հակամարտությանը, որ այն դարձել է իրենց ինքնության մի մաս: «Հակամարտությունը մեր մեջ, և մենք հակամարտության մեջ. հիմա մենք այնպես ենք միահյուսվել, սերտաճել միմյանց, որ շատ դժվար է մեզ տարանջատել իրարից»,- տարակուսեց Բաղդասարյանը: Ըստ նրա՝ Արցախում և Հայաստանում շատ տարածված է այն մոտեցումը, որ Արցախի սահմանին, անպայման, պետք է մարդ ապրի, անպայման պետք է կանայք ու երեխաներ ապրեն, որ սահմանին կանգնած զինվորը գիտակցի, թե ում է պաշտպանում, որ հասկանա, որ նահանջի տեղ չկա: Որպես ընդդիմախոս հանդես եկող Մանվել Սարգսյանի խոսքով՝ մի հետաքրքիր բան է նկատել այս հետազոտության մեջ. «Բացի նրանից, որ ասում են ճիշտ է, սխալ է կամ կասկածելի, մեղավոր, ոչ մեղավոր, լրիվ բոլոր թեզերից, բոլոր մոտեցումներից հանված է մի կարևոր կատեգորիա՝ իրավունքը»: Ըստ Սարգսյանի՝ այնպիսի տպավորություն է, որ հատուկ խմբագրվել է: Իրավունքի մասին ոչ ոք չի խոսում բացարձակ: Հարցումների արդյունքներին անդրադառնալով՝ Գրիգորյանը նշեց, որ որևէ անդրադարձ չկա պատմական իրավունքին, արդարության քննարկմանը: Գրիգորյանն ասաց. «Մարդկանց պետք է բերել քննադատական մոտեցման»: Այսկերպ, ըստ ընդդիմախոսի, հնարավոր կլինի մարդկանց ներգրավել հարցի քննարկման մեջ: Հղում անելով հայերին և ադրբեջանցիներին՝ Սարգսյանը նշեց, որ պետք է առաջ բերել մի ընդհանուր արդարության բանաձև, որն էլ կարևոր դերակատարում կունենա հարցի կարգավորման մեջ: Լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք նպատակահարմար չեն գտել, թե՞ ուղղակի չեն մտածել իրավունքի մասին որևէ կետ ներառել հարցումների մեջ, Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենց հարցումները փորձագիտական չեն եղել, ուստի և չեն ներառել: