Պետությունը կաջակցի ալպինիստներին
2019 թվականին պետությունը կաջակցի ալպինիստներին։ Այդ մասին հայտնել է սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր է հանձնել ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի մարզիկներին։ Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Գաբրիել Ղազարյանը մարզիկներին շնորհավորել է Լեռների միջազգային օրվա կապակցությամբ եւ նշել, որ ալպինիզմը մի փոքր դուրս է մնացել նախարարության ուշադրությունից, սակայն եկող տարվանից այդ բացը կվերացվի եւ ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նույնպես կստանա պետական աջակցություն: «Մենք չենք խոսում մեծ ֆինանսական աջակցության մասին, սակայն համագործակցությունը նախարարության հետ կընդգծի ֆեդերացիայի կարգավիճակը եւ մարզական բարձր նվաճումներ արձանագրած մարզիկներին հնարավորություն կտա օգտվելու այն բոլոր արտոնություններից, որոնք սահմանված են պետական աջակցություն ստացող մյուս ֆեդերացիաների մարզիկների համար», - ասել է նախարարի պաշտոնակատարը: