Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԻՆ» «ԴՈւՐ» Է ԵԿԵԼ 0:6 ՀԱՇԻՎԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում շարունակում են արտասովոր իրադարձությունները: Առաջնության առաջատար «Արարատը» 19-րդ տուրում կրեց հերթական խակտառակ պարտությունը` 0:6 հաշվով զիջելով «Բանանցին»: Նախորդ տուրում «Արարատը» նույն 0:6 հաշվով պարտվել էր «Փյունիկին»:

Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ հավանաբար սա առաջին դեպքն է, որ առաջնության առաջատարը 2 խաղում անընդմեջ պարտվում է ոչ ֆուտբոլային հաշվով: Թե ինչով է պայմանավորված թիմի անկումը, միանշանակ ասել հնարավոր չէ, սակայն ակնհայտ է, որ հուլիսում ակումբում տեղի ունեցած մարզչափոխությունից հետո «Արարատում» ներքին լուրջ խմորումներ են առաջացել:

Ինչպես հայտնի է Վարուժան Սուքիասյանը, թիմին բերելով առաջին հորիզոնական, անսպասելի հրաժարական տվեց: Սուքիասյանը իր քայլը պատճառաբանեց նրանով, որ ակումբի ղեկավարությունը անտեղի միջամտում է իր գործունեությանը եւ մարզական շտաբ խցկում արտասահմանցու: Խոսքը սերբ Դուշան Միհիչի մասին է, որը ներկայումս գլխավորում է «Արարատը»: «Արարատ» - «Բանանց» խաղում հյուրերի կազմում 3 գոլի հեղինակ դարձավ երիտասարդ Գեւորգ Ղազարյանը: Վերջինս «Բանանցում» է հայտնվել օրերս եւ թիմում հանդես կգա վարձավճարով: «Բանանցի» կազմում 2 գոլ էլ խփեց մեկ այլ երիտասարդ ֆուտբոլիստ Արսեն Բալաբեկյանը: 19-րդ տուրում մեծ անակնկալ գրանցվեց «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ «Փյունիկը» 1:2 հաշվով զիջեց Կապանի «Գանձասարին»: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները հաղթանակի դեպքում կշրջանցեին «Արարատին», սակայն անպասելիորեն պարտվեցին: Ի դեպ, «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը որպես «Գանձասարի» գլխավոր մարզիչ իր առաջին հաղթանակը տոնեց նախկին թիմի նկատմամբ: Կապանցիների կազմում 26-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց թիմի ռմբարկու Արթուր Քոչարյանը: 11 րոպե անց Գագա Թբիլաշվիլին կրկնապատկեց հաշիվը: 2-րդ կեսում «Փյունիկին» Աղվան Մկրտչյանի շնորհիվ հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:

Գյումրիում տեղի «Շիրակը» 2:1 հաշվով առավելության է հասել ետնապահ «Կիլիկիայի» նկատմամբ: