Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՆՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈւ ԵՎ ԿԱՍՊԱՐՈՎԻ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ից սկսելու է նախապատրաստվել սեպտեմբերի 8-ին եւ 12-ին Կիպրոսի եւ Մալթայի հավաքականների հետ կայանալիք հանդիպումներին: Ինչպես հայտնի է` այս օրերին հայ ֆուտբոլիստները ընտրական հանդիպում պետք է անցկացնեին Ադրբեջանի հետ, սակայն ՈւԵՖԱ-ն չեղյալ հայտարարեց այդ հանդիպումները, ուստի Հայաստանը որոշեց ընկերական հանդիպումներ անցկացնել` պատրաստվելով հոկտեմբերին կայանալիք հանդիպումներին:

Ցավոք, Հայաստանի հավաքականը առաջիկա հանդիպումներին կմասնակցի առանց հիմնական դարպասապահների: Ռոման Բերեզովսկին, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, խնդրել է չհրավիրել իրենց եւ հնարավորության տալ վերականգնվել: Դա բնական է, քանի որ Բերեզովսկին արդեն 31 տարեկան է եւ չի կարող հաճախակի ժամանել Երեւան, միաժամանակ հանդես գալ իր ակումբում` «Խիմկիում»: Ամեն դեպքում Ռոմանը հոկտեմբերին կմասնակցի ընտրական հանդիպումներին: Իսկ մյուս հիմնական դարպասապահ Գեւորգ Կասպարովը ուսի լուրջ վնասված ունի եւ դեռ ապաքինվում է: Փորձառու դարպասապահների փոխարեն հավաքականում են «Միկայի» դարպասապահներ Ֆելիքս Հակոբյանը եւ Մայիս Ազիզյանը: Հակոբյանը եւս որոշակի փորձ ունի, բայց ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Ատմեդիա» - «Միկա» (2:0) պատասխան մրցավեճում անվստահ գործեց:

Խաղային մյուս օղակներում հավաքականը խնդիրներ գրեթե չունի: Պաշտպանությունում ինչպես միշտ հանդես կգան «Փյունիկի» ֆուտբոլիստները, որոնց հետ միասին հրավիրել են նաեւ Եղիշե Մելիքյանը «Բանանցից» եւ Վահագն Մինասյանը «Արարատից»: Սակայն վերջինիս գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլը նախընտրում է խաղացնել կիսապաշտպանությունում:

Երկարատեւ ընդմիջումից հետո հավաքական է հրավիրել «Փյունիկ» խաղացող Արսեն Ավետիսյանը: Արագաշարժ այս ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում 1994թ. դարձել է առաջին գոլի հեղինակը: Հետաքրքիր է, որ Ավետիսյանը գոլը խփել է հենց Մալթայի հետ ընկերական խաղում: Միգուցե հավաքականի մարզիչները հենց այս զուգադիպությունից ելնելով են հավաքական հրավիրել վետերան ֆուտբոլիստին: