«Ժամանակավոր մարդիկ են որոշում հավերժական արժեքների ճակատագիրը» (տեսանյութ)
Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարանում բացված գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի հոբելյանական ցուցահանդեսը կգործի նախատեսվածից երկար: Փետրվարի 3-ի փոխարեն այն կփակվի փետրվարի 23-ին: Սիրավի, ինչպես նրան անվանում էին ընկերները, արվեստը միշտ է արդիական իր ասելիքով ու էսթետիկայով: «Կենդանության օրոք հայրիկը, ցավոք, ընդամենը մեկ անհատական ցուցահանդես է ունեցել՝ 1993-ին»,- ասում է նկարչի կրտսեր որդին՝ Գագիկ Սիրավյանը: Ցուցահանդեսը նվիրել ենք հայրիկի 90-ամյա հոբելյանին և Մարտիրոս Սարյանի ու նրա մտերմության 60-ամյակին»: 1958-ին որպես աշակերտ Հենրիկ Սիրավյանը մուտք է գործում Սարյանի արվեստանոց և դառնում վարպետի սիրելի սանը: «Արվեստը հայրենիք չունի, բայց հայրենիքն ունի իր արվեստը» վարպետի խոսքերը հայրիկը միշտ կրկնում էր,- հիշում է նկարչի որդին, - և ցուցահանդեսի խորագիրը՝ «Իմ աղոթքը Հայաստանի մասին» պատահական չէ ընտրված: Դա հայրիկի խոսքն է, որով նա բնորոշել է իր արվեստը: «... Ես իմ ամբողջ ուժով, ինչ որ ինձ Աստված տվել է՝ խելք, աշխատասիրություն և գիտելիքներ, այս ամենով ես միշտ երազել եմ արտահայտել իմ սերը իմ Հայաստանի հանդեպ, որովհետև ինձ համար չկա ավելի բարձր բան, քան Հայաստանն է: Եվ ես որդիական մեծ նվիրումով նկարել եմ իմ երկրի մասին իմ աղոթքը...»։ Գագիկ Սիրավյանի խոսքով՝ ցուցահանդեսներն, իհարկե, կարևոր են, ցուցահանդեսն ասես տոն է, թե՛ հանդիսատեսի և թե՛ կտավների համար, որովհետև երկուսն էլ կարոտ են, ու կարոտում են իրար: Բայց նկարչի համար է՛լ ավելի կարևոր է մշտական ցուցադրությունը: «Նկարը պետք է ապրի, իսկ նկարը պետք է տեսնես, որ ապրի: Կոմիտասի ստեղծագործությունները ինչքան էլ աստվածային լինեն, իրենք իրենցով չեն ապրի, պետք է լսող լինի, գնահատող լինի, գեղեցիկ կանանց նման: Այսինքն՝ գեղեցկությունը գնահատող ու գուրգուրող պետք է լինի»,- ասում է նա: «Կարծում եմ, որ կգան լավ ժամանակներ, երբ անիմաստ շինությունների փոխարեն թանգարաններ կկառուցվեն, քանի որ մշակույթն է, որ պահում է ազգն ու երկիրը: Բայց, ցավոք, ժամանակավոր նախարարների ու պաշտոնյաների հրամաններից են կախված շենք-շինությունների հատկացումները: Այսինքն, ժամանակավոր մարդիկ են որոշում հավերժական արժեքների ճակատագիրը, հաճախ ոչ պատշաճ ձևով: Մարդիկ նախարարներին չեն հիշում, այլ՝ արվետագետներին: Հիշում են Կոմիտասին, Չարենցին, Թումանյանին ու Այվազովսկուն, իսկ պաշտոնյաներիը եթե հիշվում են, ապա միայն իրենց չար ու բարի գործերով: