Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԱՅԼԵՒՍ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՉՈՒՆԻ

Տնտեսություն

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի օգոստոսի 24-ի որոշումը, ըստ որի` բոլոր բացառիկ, մենաշնորհային իրավունքները, որ նախկինում վերապահված էին «Արմենտել» ընկերությանը, կվերացվեն:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի հավաստմամբ` գործընթացի ողջ ընթացքում «ԱրմենՏելը» եւ «Վիմկելկոմը» սերտ համագործակցել են հանձնաժողովի հետ, եւ հաջողվել է հարթել հիմնական տարաձայնությունները:

«Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս շուկայում կհայտնվեն հեռախոսային ծառայություններ մատուցող նոր ընկերություններ, այսպես ասած՝ նոր խաղացողներ որոնք հաղորդակցության ոլորտում կմատուցեն լրացուցիչ ծառայություններ»,- «Ա1+»-ին հայտնեց Սամվել Արաբաջյանը եւ ավելացեց, որ այդ ակնկալիքները կապված են հիմնականում ձայնային, ելքային ծառայություններ մատուցող ընկերություններ հետ, որոնց գործունեությունը` անլեգալ լինելու պատճառով ժամանակին «ԱրմենՏել»-ի հանձնաժողովի որոշմամբ կասեցվել է:

Նշենք, որ իրենց գործունեությունը սկսել ցանկացող ընկերությունների լիցենզիայի ստացման կարգը պարզեցվել է, ինչը ենթադրում է, որ հայտերը ներկայացնելուց հետո 3-5 օրվա ընթացքում նրանք ավտոմատ լիցենզիան ստանում են, նույնիսկ եթե հանձնաժողովը չի արձագանքում:

«ԱրմենՏել» ընկերությունը հանգիստ է վերաբերվում իր մենաշնորհի վերացմանը. մամլո քարտուղար Հասմիկ Չութիլյանի խոսքերով` հենց իրենք են առաջարկել այս ամենը եւ պատրաստակամ են մցակցային դաշտին: Իսկ «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք իրենք ուժեղ մրցակիցներ տեսնում են շուկայում, նա ասաց, որ հաշվի առնենք այն փաստը, որ իրենք երակար ժամանակ մենաշնորհային դիրքում են եղել:

«Կա՞ արդյոք մի ընկերություն, որ այդքան մեծ ցանց ունի»,-ասաց Հասմիկ Չութիլյանը եւ ավելացրեց, որ ընկերությունում ֆինանսական եւ ռազմավարական առումով փոփոխություններ չեն սպասում:

Իսկ Սամվել Արաբաջյանի խոսքերով` լավ, արժանի մրցակցություն կլինի, որովհետեւ ազատականացվել է նաեւ միջազգային մուտքային եւ ելքային կապերի բացառիկ իրավունքը:

Նա նաեւ կարծում է, որ փոփոխությունները կբերեն որակյալ հեռախոսակապի եւ արագագործ ինտերնետի: Կլուծվի նաեւ հեռավոր շրջաններում հեռախոսակապի խնդիրը ռադիոկապի միջոցով: