Ապրիլյան պատերազմը բխում էր Ռուսաստանի և Ադրբեջանի շահերից. «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և Ապրիլյան պայմանավորված պատերազմը մի շղթայի օղակներ են, իսկ մինչ օրս տեղի ունեցած բոլոր դիմադրական ակտերը այդ շղթան խզելու գործողություններ Որքան էլ ցավալի է, ստիպված ենք փաստել, որ Ապրիլյան քառօրյան հնարավոր դարձավ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի և նրա Ստեփանակերտյան մասնաճյուղի դավաճանության շնորհիվ: Դա պայմանավորված պատերազմ էր, որ կոչված էր ապահովելու Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը, ինչի դիմաց Կրեմլի ենթակայությամբ գործող Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը նպատակ ուներ երկարաձգելու իր կառավարումը: Ապրիլյան քառօրյայից առաջ և հետո Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները: Բացի այդ, Ապրիլյան քառօրյայից մինչև 2016 թ. հուլիսի 17-ը՝ մինչև Սասնա Ծռերի ապստամբության օրն ընկած ժամանակահատվածում, նա առնվազն չորս անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ նպատակային հանդիպումներ է ունեցել և ի վերջո այդ շրջանակի գերակշիռ մեծամասնությանը հակել է ազատագրված տարածքները հանձնելու տեսակետին: Այսպես կոչված Լավրովյան պլանով այս հայակործան ծրագիրն իրականացնելու քայլերի մասին հետագայում փաստվել է օտարների, այդ թվում՝ Բելառուսի Նախագահ Ա. Լուկաշենկոյի, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական շրջանակների ուղղակի և անուղղակի հայտարարություններով: Դեռևս Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Արդեն ռեժիմի հեռացումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք հետախուզական տվյալների պակաս չենք ունեցել: Չնայած այդ հանգամանքին, ոչ միայն քայլեր չեն կատարվել կանխարգելիչ հարված հասցնելու համար, այլև արդեն ապրիլի 2-ին, երբ ամբողջ ճակատով մեկ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հակառակորդի հարձակումը կասեցնելու և նրան հակահարված տալու նպատակով: Մասնավորապես,
- ՀՀ տարածքում չի հայտարարվել զորահավաք,
- հրետանին աշխատել է զգալի ուշացումով, իսկ հակահարձակման վերաբերյալ ստորին և միջին օղակի հրամանատարության բոլոր նախաձեռնությունները կասեցվել ու արգելվել են,
- դիրքապահ անձնակազմին հրամայել են նահանջել և թողնել դիրքերը.
- հակառակորդի հարձակման և ճակատի ամբողջ գծով ընթացող լայնածավալ մարտական գործողությունների մասին խաղաղ բնակչությանն ընդհանրապես չեն տեղեկացրել, ինչի հետևանքով քաղաքացիական կյանքն ընթացել է իր հունով և, որպես հետևանք՝ բնակչության շրջանում եղել են զոհեր ու վիրավորներ.
- յուրային ժողովրդի նկատմամբ զուգահեռաբար կազմակերպվել է ապատեղեկատվական պատերազմ՝ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած տարածքային և այլ կորուստները թաքցնելու նպատակով,
- հրադադարի վերահաստատումից հետո զորքերում նույնիսկ լուրեր էին շրջանառում, որ պաշտպանության համակարգի բարձրաստիճան սպաների միջոցով շարքերում տարածում են պարտվողական և ազատագրված տարածքներ զիջելու տրամադրություններ: