ԳՆԴԱԿԸ ՀԱՋՈՂՈւԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան մարզաձեւի միջազգային ֆեդերացիայից օգնություն է ստացել` 1000 գնդակ:
ՀԲՖ-ն որոշել է վաղվանից Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների հատկացնել ՖԻԲԱ-ի ուղարկած գնդակները, քանի որ այն հնարավորություն կտա մեր մարզիկներին լիարժեք մարզումներ անցկացնել: Ֆեդերացիան գնդակներ է հատկացնելու ընդհանուր առմամբ մոտ 50 դպրոցների, որոնք ունեն բասկետբոլի դահլիճներ:
«Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան, ինչպես եւ ՖԻԲԱ-ն մեծ կարեւորություն են տալիս մարզումները բարձրորակ գնդակներով կազմակերպելու գործընթացին, քանի առանց այս ամենի մարզաձեւի զարգացումը անհրաժեշտ արագությամբ ապահովել հնարավոր չէ», - «Ա1+»-ին ասաց ՀԲՖ-ի նահագահ Հրաչյա Ռոստոմյանը եւ ավելացրեց. «Պատկերացրեց օրինակ, թե ինչ արդյունքի կարող է հասնել ջութակահարը վատ գործիքով, եւ թանկարժեք գործիքով: Նույնը կարելի է ասել բասկետբոլի համար: Եթե չկա բարձրորակ մարզագույք, արդյունքի մասին խոսելը բարդ է»:
Ֆեդերացիան հույս ունի, որ հանրակրթական դպրոցներում ավելի մեծ ուշադրություն կդարձնեն բասկետբոլ մարզաձեւին, ինչը հնարավորություն կտա ի հայտ բերել շնորհալի պատանիների եւ ընդգրկել նրանց մեր առաջատար թիմերում, պատանեկան հավաքականներում. «Մենք ողջ հանրապետությունում ուշադիր հետեւում ենք, թե ովքեր են զբաղվում բասկետբոլով եւ փորձում ենք լավագույններին հրավիրել Երեւան եւ նրանց համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ: Գնդակների բաժանման գործընթացը նպատակ է հետապնդում ավելի մասսայականացնել բասկետբոլը Հայաստանում»:
Խոսելով օրերս որակազրկված «Գյումրի» թիմի մասին` Ռոստոմյանը ասաց. «Գյումրեցիներին հանդիպմանը չներկայանալու համար գրանցվել է 0:20 հաշվով պարտություն: Սակայն եթե նրանք գտնեն անհրաժեշտ միջոցները,ապա հաջորդ տարի կարող են մասնակցել Հայաստանի առաջնությանը»: