Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ՀԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ

Մարզեր

Կապանի բոլոր կրթօջախներում դպրոցականները դրամ են հավաքում նաեւ չորս եւ ավելի տարիների վաղեմություն ունեցող դասագրքերի համար։ Մինչդեռ կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ` դրանք անվճար պետք է տրվեն։

Կապանի բոլոր կրթօջախներում դպրոցականներին դասագրքերը բաժանվել են սեպտեմբերի 1-ին։Դասագրքերի համար գումար չեն հավաքել միայն առաջին եւ երկրորդ դասարանցիները։ Մյուս բոլոր դասարանների գրքերը աշակերտներին տրվել են գումարով։Գրքերի գները տարբեր են` 250-ից մինչեւ 400 դրամ։ Բարձր դասարաններում աշակերտները բոլոր դասագրքերի համար մինչեւ 6000 դրամ պերտք է վճարեն։ Զեղչեր գործում են միայն զոհված ազատամարտիկների երեխաների համար։

Մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը վստահեցնում էր, որ վերահսկելու են, որ դպրոցներում չվերավաճառեն հին դասագրքերը աշակերտներին։ Ոլորտի պատասխանատուներին վերահսկել չհաջողվեց։

Ըստ Կապանի թիվ 3 կրթօջախի տնօրեն Էդուարդ Բեգլարյանի` իրենք դասագրքերի վճարների մասին տեղեկանում են նախարարությունից։ Հաշվետվության ձեւ են ստանում, որտեղ հստակ նշված է, թե որ գիրքը որքան արժե, որոնք են անվճար։

Կրթօջախի շատ դասարաններում աշակերտները դեռեւս չգիտեն, թե որքան պետք է վճարեն, իսկ դասագրքերն արդեն բաժանվել են։ Տնօրենի համոզմամբ իրենք աշակերտներին բաժանել են միայն վերջերս լույս տեսած դասագրքեր։ Ըստ նրա` եկող ուսումնական տարի եւս նույն դասագրքերի համար աշակերտներից դրամ կհավաքեն. դեռեւս դասագրքերն իրենց գործածության ժամկետը չեն սպառել։ Տնօրենը բացառում է, որ իր դպրոցում վերավաճառեն չորս տարվա վաղեմություն ունեցող դասագրքեր։

Մինչդեռ տասներորդ դասարանում, որտեղ ուսուցումը կազմակերպվելու է նախկին իններորդ դասարանի դասագրքերով, դպրոցականները ստիպված են լինելու վճարել իրենց դարն ապրած ու քրքրված դասագրքերի համար։ Կրթօջախի 10-րդ Բ դասարանում աշակերտներին բաժանված հայ գրականության եւ անգլերենի դասագրքերը 2000թ-ի հրատարակության են, քիմիայի, կենսաբանության, երկրաչափության եւ պատմության դասագրքերը 2001թ-ի։

Դասղեկ Սուսաննա Եղիազարյանը նշում է, որ ինքը ստացել է տասնհինգ անուն դասագրքերի արժեքները, որտեղ նշված է, որ անվճար են հայոց լեզվի դասագիրքն ու ֆիզիկայի խնդրագիրքը։ Մյուս բոլոր դասագրքերը 370 դրամ արժեն, իսկ հայոց եկեղեցու պատմությունը, որը տարիներ ի վեր անվճար էր, այս տարի 270 դրամ կարժենա։ Դպրոցականները նաեւ դժգոհում են, որ դասագրքերը փոքր քանակությամբ են ստացվել։ Կան գրքեր, որոնք դասարանին մեկական են տրվել, դրանցում էլ բացակայում են որոշ էջեր։ «Սոսի» Հ/ Ը Կապան