«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽԵՂԴՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինՀարկային օրենսդրության փոփոխությունները` մասնավորապես, պարզեցված հարկի մեջ լրացումները, արդեն իսկ փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողներին մտահոգությունների տեղիք է տվել: Դրանք ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից: Համաձայն դրանց, օրինակ` տոնավաճառի յուրաքանչյուր առեւտրական պետք է հաշվապահ պահի:
Սրա վերաբերյալ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը «Ա1+»-ին իր կարծիքը արտահայտեց. «Ամբողջ աշխարհում փոքր բիզնեսի նկատմամբ միշտ օգտագործում են արտոնյալ պայմաններ, քանի որ այն բազմաթիվ սոցիալական հարցեր է լուծում»:
Իսկ ասածն ավելի պարզ դարձնելու համար շարունակեց. «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ զբաղվածությունը, նոր աշխատատեղերը ստեղծում է միայն փոքր բիզնեսը, իսկ մեծ բիզնեսը ընդհակառակը` մեկը մեկին կլանում է, եւ աշխատատեղերը քչանում են: Զարմանում եմ, որ փոխանակ աջակցություն ցույց տան փոքր բիզնեսին, փոխում են հարկերը, իսկ փոքր բիզնեսը ի վիճակի չէ հաշվապահ պահել: Ինչո՞ւ են խեղդում»:
Նշենք, որ պարզեցված հարկի մասին օրենքում լրացումներով վերանում են փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար սահմանած բոլոր արտոնությունները: