«ԱԶՆԻՎ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՍՏՈՒԳՎԵՆ»
Աջակցիր «Ա1+»-ին«Ես չգիտեմ, թե ինչ քաղաքականություն կա ԱԺ պատգամավոր, գործարար Խաչիկ Սուքիասյանի ձեռնարկություններում իրականացվող հարկային ստուգումներում եւ չգիտեմ, թե արդյոք այս հարկատուն ընտրվե՞լ է համակարգչային ծրագրով: Բայց մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է, որ հարկային ստուգումներում գոյություն չունենա քաղաքականության գործոնը եւ գործեն օբյեկտիվ մեխանիզմեր՝ ընտրելով այն հարկատուներին, որոնք պետք է ենթարկվեն ստուգման: Դա շատ ավելի արդյունավետ կլինի հենց Հարկային պետական ծառայության համար: Նրանք չպետք է բոլորին ստուգեն, հատկապես ազնիվ հարկատուներին»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանում` Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խաչիկ Սուքիասյանը հայտնեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին, նրա ընտանիքին պատկանող ձեռնարկություններում սկսվեցին հարկային ստուգումներ:
Տիկին Օմեսի նշած համակարգչային ծրագիրը մշակել է ՀՀ հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ): Այս նոր ծրագիրը, ըստ նրա՝ թույլ է տալիս գնահատել հարկային խախտումներ կատարելու հավանականությունը եւ նպատակն է աուդիտի ենթարկել, ստուգել բոլոր այն հարկատուներին, որոնց խախտումներ անելու հավանականությունն ավելի բարձր է: Մեկ ամիս առաջ ՀՊԾ-ն մի որոշում է հրապարակել, ըստ որի՝ այսուհետեւ «ստուգումների համար ընտրված հարկատուների ցուցակի առնվազն 50 տոկոսը պետք է վերցվի համակարգչային ռիսկային ծրագրով մշակված հարկատուների ցուցակի վերեւի մասից»: «Մենք հուսով ենք, որ մյուս 50 տոկոսը պետք է ավելանա ժամանակի ընթացքում: Այդպես է արվում զարգացած բոլոր երկրներում, որտեղ հարկային տեսուչը չի որոշում, թե ում պետք է ստուգի, ում՝ ոչ: Այսուհետեւ հիմնավոր, լուրջ վերլուծության հիման վրա է պարզվում, թե ինչքան է հավանականությունը, որ կոնկրետ այս հարկատուն խուսափում է հարկեր վճարելուց»,- կարոծւմ է Նինկեն Օմեսը:
ԱՄՀ-ն ՀՀ կառավարության հետ իրականացվող իր 35 մլն ԱՄՆ դոլարանոց եռամյա ծրագրի շրջանակներում տարեկան 2 անգամ ստուգում է՝ արդյոք կառավարությունն իրականացրե՞լ է առաջադրված բոլոր պայմանները: Միայն այդ դեպքում ԱՄՀ-ն համաձայվում է ՀՀ կառավարությանը վճարել հաջորդ 5 մլն դոլարը: Ստուգման նպատակով Վաշինգտոնից նույնիսկ պատվիրակություն է ժամանում Հայաստան՝ գնահատելու տնտեսութան վիճակը: ԱՄՀ-ի պայմաններում, օրինակ՝ նշված է, թե հարկային եկամուտներն ինչքան պետք է լինեն, որքան պետք է լինի բյուջեի պակասորդը, ինչքան դրամ պետք է տպի ՀՀ Կենտրոնական բանկը, ինչպես նաեւ նոր հարկային օրենսգրքի մշակում, հարկային ծառայության կողմից այլ բարեփոխումներ եւ այլն:
«Գաղափարն այն է, որ բոլոր հարկատուները դասակարգվեն ըստ ռիսկի: Այսինքն՝ փորձ է կատարվում կանխատեսել, թե որքան է հավանականությունը, որ կոնկետ հարկատուն կարող է խախտում կատարել: Դա կախված է նրանից, թե նա ինչքան խախտում է կատարել անցյալում»,- ասում է տիկին Օմեսը: