Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆ ԻՋԱՎ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ» ՎՐԱ

Տնտեսություն

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ «Հայէկոնոմբանկն» այսօր 15 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սինդիկացված ( կոլեգիալ) վարկի պայմանագիր կնքեցին: Բանկի կառավարիչների վստահեցմամբ՝ սա աննխադեպ իրադարձությունն է Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ, քանի որ համաշխարհային ճանաչում ունեցող 6 ‎ ‎ֆինանսական հաստատություններ իրենց մասնակցությունն ունեցան սինդիկացված այս վարկում: Վարկային այս գումարն ուղղվելու է արտադրության, սպասարկման եւ առեւտրային ոլորտի ընկերությունների վարկավորմանը:

«Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու ախորժակը մեծանում է եւ այս պայմանագիրն առաջին ծիծեռնակն էր այն վստահության, որ առկա է «Հայէկոնոմբանկի» նկատմամբ,-ընդգծեց ՎԶԵԲ նախագահ Միշել Վայնշտեյնը,- Սա Նոր տարվա նվեր կարելի է համարել հայ ժողովրդի համար»:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե տեղյա՞կ է նա, թե ինչ է տեղի ունենում վերջին շրջանում այս բանկի շուրջ:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին, նրա ընտանիքին պատկանող այս բանկի դեմ սկսվեց սեւ քարոզարշավ: Անգամ հայտարարվեց, որ իբր ապօրինի գումարներ են բանկով փոխանցվել:

«Մենք բանկի մասին կարծիք կազմում ենք նրա ֆինանսական հաշվետվության հիման վրա, եւ իմ որոշումը հիմնված է եղել այն օբյեկտիվ տեղեկության վրա, որ առկա է բանկում: Ոչինչ չեմ կարող ասել այդ իրադարձությունների մասին, մանավանդ ես հայերեն կարդալ չեմ կարող ու այդ պատճառով չեմ կարող հետեւել թերթերի հրապարակումներին»,- ասաց ՎԶԵԲ նախագահ Միշել Վայնշտեյնը:

Պատասխանելով «Ա1+»-ի հարցին` «Հայէկոնոմբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը նշեց, որ բանկը սպասարկում է հարյուրավոր, հազարավոր հաճախորդների: «Եթե որեւիցե մի հաճախորդ ներկայացնում է որեւիցե մի փոխանցում, ապա պարտավոր ենք այն կատարելու»,- ասաց Սարիբեկ Սուքիասյանը:

Ինչ վերաբերվում է սեւ քարոզարշավի` բանկի աշխատանքի վրա ազդեցությանը, ապա նա նշեց, որ «բանկն ի սկզբանե աշխատում է միջազգային կառույցների գումարները ներգրավել եւ այնքան էլ հիմնված չէ ՀՀ քաղաքացիների ավանդերի վրա»: Այդ իսկ պատճառով եթե ՀՀ ավանդատուներից որեւիցե մեկը ցանկանա իր գումարն այլ բանկ տեղափոխել, դա որեւիցե լուրջ ազդեցություն բանկի վրա չի կարող ունենալ:

«Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է տնօրինել իր գումարները, բայց ես ուզում եմ նշել, որ մենք ավելի շատ միջազգային կառույցների հետ ենք աշխատում»,- «Ա1+»-ին հայտնեց Սարիբեկ Սուքիասյանը:

«Հայէկոնոմբանկը» ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2000թ-ից սկսած: Մինչ օրս ՎԶԵԲ-ը «Հայէկոնոմբանկի» հետ համատեղ իրականացրել է շուրջ 20 մլն դոլարի ծրագրեր: