Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարզեր

Գյումրիի կենտրոնական հրապարակում համարյա թե 90-ականների իրավիճակն է ստեղծվել: Էլեկտրաէներգիա չկա: Բայց, եթե 90-ականներին պատասխանատուները չէին պնդում որ լույս կա, ապա այսօր բոլորովին հակառակն է:

Հաճախակի կրկնվող անջատումների հետեւանքով նյութական վնասներ է կրում ոչ միայն բնակիչը,այլեւ տնտեսվարող սուբյեկտները՝ հատկապես տեխնիկասարքավորումներով հագեցած հեռուստաընկերությունները: Երեկ վաղ առավոտից քաղաքի կենտրոնական հատվածը՝ հրապարակին հարող խանութները, բնակելի շենքերն ու «Ցայգ», «Ռադիո հայ» եւ «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունները պարբերաբար հոսանքազրկվել են: էլէկտաէներգիայի անջատումների հետեւանքով խափանվել են հեռուստառադիոընկերությունների աշխատանքները, ինչի հետեւանքով զգալի լուրջ ֆինանսական ու բարոյական կորուստներ են կրել նշված ընկերությունները:

Գյումրի ցանցի «Ղարս» մասնաճյուղի գլխավոր մասնագետ Կարապետ Հարությունյանը պնդում է, որ, Կենտրոնական հրապարակում անջատում եղել է 40 րոպեով: Հետո էլ տարածքը հոսանքազրկվել է ընդամենը 5 րոպեով, որպեսզի վթարված մալուխը շղթայից դուրս հանվի եւ օղականին սնուցման միջոցով վերականգնվի: Անջատումները, սակայն, 5 րոպեով չեն եղել ու ոչ էլ երեք անգամ, եթե իրենք աշխատում են ոչ ճշգրտորեն, ապա նույնը չի կարելի ասել տնտեսվարող սուբյեկտների մասին:

«Ցայգ» ՍՊԸ նախագահ Մարգարիտա Մինասյանի տեղեկացմամբ, աշխատանքային առաջին օրն անջատումները հասել են 5-ից 6 անգամի: Հեռուստաընկերությունը կրել է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական լուրջ վնաս: «Տարին նախընտրական է, եւ նման դեպքի կրկնության դեպքում հարցը կբարձրացվի նախարարությունում եւ դատական լուծում կստանա»,-վստահեցնում է տիկին Մինասյանը:

«Ցայգ» ՀԸ

Գյումրի