Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱՏԱՐՅԱԼ ՄԻԱՅՆ ԱՎԵՏԱՐԱՆՆ Է»

Տնտեսություն

Հայաստանում աղքատության հաղթահարման ռազմավարական երկրորդ ծրագիրը (ԱՀՌԾ), ըստ նախագծողների եւ պատասխանատուների՝ հնարավորություն կտա մինչեւ 2025թ. աղքատության ցուցանիշը կրճատել 15-17 տոկոսով, որը կարտահայտվի 450 հազար նոր աշխատատեղերի ավելացմամբ:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի՝ այս ծրագրի շնորհիվ ձեւավորել է գործընկերության ինստիտուտ, որտեղ «հանրության տաբեր կողմերի ներկայացուցիչներն ու կառավարությունը հանդես են գալիս իբրեւ իրավահավասար կողմեր եւ գործընկերներ»: «Այս ծրագիրն առաջին ու ամենահաջողված օրինակն է: Կարող ենք արձանագրել, որ գործող ԱՀՌԾ-ն ըստ էության՝ ՀՀ անկախացումից հետո հանդիսանում է սոցիալտնտեսական զարգացման առաջին երկարաժամկետ ռազմավարական ծրագիրը»,- հայտարարեց նա երկրորդ ծրագրի նախագծի քննարկմանը, որին ներկա էին նաեւ պետական կառույցների, ՀԿ-երի ներկայցուցիչներ:

Ըստ ծրագրի` աղքատության կրճատման հիմնական գոծոններ կարող են հանդիսանալ «աղքատ բնակչության աշխատանքային եկամուտների, կենսաթոշակների աճը, զբաղվածության մակարդակի, նպատակային համակարգի նպատակայնության ավելացումը եւ այլն»:

Ինչպես նկարագրեց ԱՀՌԾ մշակման համար պատասխանատու փորձագիտական խմբի ներկայացուցիչ Մելիք Գասպարյանը՝ այս ծրագրով նախատեսվում է, որ պետական ծախսերի ուղիղ կեսը գնալու է սոցիալական խնդիրների լուծմանը, 30 տոկոսը՝ պետական կառավարմանը, 10 տոկոսը՝ տնտեսական հարցերի լուծմանը:

Քննարկմանը ներկա գտնվողներից շատերը որոշ տարակարծություններ ունեին ծրագրի հետ կապված: Օրինակ՝ ՀՀ վարչապետի խորհրդական Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ ծրագրի գյուղատնտեսության զարգացման առաջնանհերթությունների բաժնում չկա որեւէ վերլուծություն՝ կապված վերջին հինգ տարիներին Հայաստանում հողերի խոշորացման հետ, թե հատկապես ինչ փոփոխություններ են այստեղ կատարվել: Ըստ նրա՝ այս ծրագրում չի երեւում գյուղերի իրական սոցիալական վիճակը, թեեւ միգուցե ներկայացված թվերը ճիշտ են:

Նա անդադարձավ հատկապես Արարատյան դաշտավայրի, Կոտայքի մարզի գյուղատնտեսությանը, հենց այստեղ էլ իր նշած խնդիրը զգալի բացասական ազդեցություն է ունեցել հողատերերի վրա: «Մեր ունեցած ցուցանիշներով՝ առաջիկայում այս գործընթացի հետեւանքով գյուղերում կավելանա աղքատությունը, մինչդեռ գյուղատնտեսական պատկերը միգուցե եւ դրական արդյունք ցույց տա՝ եւ արտադրանքի, եւ մթերքի ավելացմամբ: Սակայն գյուղացիների կենսամակարդակի առումով աղքատությունը զգալի չափ է կազմելու»,- հայտարարեց Հրանուշ Խառատյանը՝ ավելացնելով, որ նույնը վերաբերում է նաեւ մշակույթին, որի մասին այս նոր ծրագրի նախագծում ոչ մի վերլուծություն չկա:

«Ֆերմերային շարժում գյուղացիկան կազմակերպության» նախագահ պարոն Սեդրակյանն էլ, շարունակելով տիկին Խառատյանի բարձրացրած խնդրի թեման, իր կողմից նոր առաջարկ ներկայացրեց. «Յուրահատուկ ուշադրություն է պետք դարձնել առավել աղքատ գյուղացիների սոցիալական վիճակի բարելավմանը: Պետ.բյուջեով պետք է նախատեսվի, որ պետությունն իր պետական գնումների 20 տոկոսն կատարի առավել աղքատ գյուղացիներից եւ ընդ որում՝ շուկայականից ավելի բարձր գներով»:

Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը փորձեց իր զարմանքն արտահայտել քննարկման ընթացքից՝ ասելով, թե նախ հարցուպատասխանի ժամանակ ելույթ ունեցողներից ոչ մեկի հարցում «հարցական նշան չեղավ»՝ բոլորն ընդամենը մտքեր արտահայտեցին: Եվ հետո՝ նրա կարծիքով՝ չպետք է այդքան քննադատաբար մոտենալ ծրագրին, քանի որ այն նախ դեռ նախագիծ է ու հետո էլ՝ «կատարյալ միայն Ավետարանն է», այն էլ. «Ժամանակին մի շատ հայտնի գիտնական նույնիսկ Ավետարանում 3 հազար անհամապատասախանություն էր գտել, այնպես որ»: