ՋՐԱԳԻԾԸ ՎԹԱՐՎԵԼ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին 5 օրերին գրանցվել է ձմռան ամենացածր ջերմաստիճանը, ինչի հետեւանքով շարքից դուրս են գալիս բազմաբնակարան շենքերի ջրագծերն ու կոյուղագծերը: Գյումրիի Կամոյի 73 շենքը կանգնած է անլուծելի խնդրի առաջ: Բացի կոյուղագծերը սառեցնելուց եղանակը բնակիչներին եւս մեկ անակնկալ էր մատուցել: Ջրագիծն էլ է սառել:
Եթե առաջինը ինչ-որ կերպ տանելի է, ապա երկրորդը՝ անհնարին: Հուսահատված՝ փորձել են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները, սակայն այսօր արդեն սպառվել էին թե միջոցները, թե համբերությունը: Գրեթե ամեն ձմեռ շենքը նման խնդիրներ ունենում է: Բնակիչներն ասում են` ջրմուղում արդեն անգիր գիտեն եւ հասցեն, եւ իրենց , սակայն զանգերը մնում են անհետեւանք՝ նույն պատասխաններով` գիտենք, տեղյակ ենք: Սակայն հիգիենայի նվազագույն պայմանների բացակայությունը արդեն համաճարակի վտանգ է առաջացնում.
Շենքը ջրամատակարվում է ընդամենը երկու ժամ՝ առավոտյան 8-10, որպես հետեւանք՝ ջրագծերը սառչում են: Այս դեպքում արդեն ապարդյուն են անցնում բնակիչների ջանքերը, ամեն անգամ զանազան միջոցներով հալեցնում են, սակայն ջուրը կտրվելուն պես ցուրտը նորից իր գործն անում է: Իսկ շուրջօրյա ջրամատակարաման մասին երազելն անգամ ավելորդ է: Ըստ «Շիրակ ջրմուղ» ՓԲԸ Վթարների վերացման ծառայության պետ Պարթեւ Մարտիրոսյանի, համատիրությունները լավ չեն աշխատում, մեղքը գցում են ջրմուղի վրա:
Քառօրյա ահազանգից հետո ջրմուղի աշխատակազմն այսօր արդեն շենքի բակում էր, խոստացան սառած ջրագծի խնդիրն այսօր եւեթ լուծել, իսկ կոյուղու առումով պետք է համապատասխան կառույցը զբաղվի:
Սակայն ջրմուղին շենքի բակ էր բերել մեկ այլ ահազանգ: Առավոտյան եղանակը բնակիչներին հերթական անակնկալին էր մատուցել, ջրագիծ վթարվել էր, հեղեղելով նաեւ հարեւան թաղամասերը: Թեեւ ջրմուղի պատասխանատուները վստահեցրեցին, որ վերջինս Կամո 73 շենքի ջրագծի հետ կապ չունի, այնուամենայնիվ, բնակչները հակառակն են պնդում:
«Ցայգ»
Գյումրի