ԳԵՂԱՄՅԱՆԸ ՄՆԱՑԵԼ ԷՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ժամը 14-ին՝ Արթիկում եւ 16-ին՝ Գյումրիում ընտրողների հետ էր հանդիպելու Հայաստանի հանրապետության նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը: Սակայն բնության քմահաճույքների դեմ անզոր են նաեւ քաղաքական գործիչները. տեղացած առատ ձյան եւ բքի պատճառով Լանջիկի մոտ ճանապարհը փակվել էր: Հետեւանքն եղավ այն, որ Արտաշես Գեղամյանը չկարողացավ հանդիպել շիրակցի ընտրողների հետ:
Բայց հանդիպում, այնուամենայնիվ, անցկացվեց: Արթիկում եւ Գյումրիում ընտրողների հետ հանդիպեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանը: Նա մարզում էր, քանի որ Գյումրի էր ժամանել երեկ: Հենց պարոն Առաքելյանն էլ հայցեց ներկաների ներողամտությունը, հայտնելով, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Արտաշես Գեղամյանի հետ, վերջինս էլ մեծ ափսոսանք է հայտնել՝ իր հանդիպման ձախողման կապակցությամբ: Ափսոսանք հայտնեցին նաեւ Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում հավաքվածներն ու սկսեցին լքել դահլիճը :
Փոխնախագահ Կորյուն Առաքելյանը, սակայն, առանց հուսահատվելու, փոքր-ինչ ներկայացրեց թեկնածուին ու ծրագիրը: Ինչու՞ Արարման` հարցին` պատասխանեց. «Արարման, քանի որ մեր ծրագիրը կառուցողական է: Մեր նպատակն է կարել առանձին մարդկանց գրպաններն ու լցնել պետության գրպանը»:
Այսօր եղանակը խանգարեց, բայց Արտաշես Գեղամյանն անպայման շիրակցիների հետ հանդիպման հնարը կգտնի: Դա առաջիկայում,-խոստացավ Կորյուն Առաքելյանը:
«Ցայգ» ՀԸ
Գյումրի