Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՈԿՈԼԱԴԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ

Տնտեսություն

Հատկապես ՀՀ նախագահի ընտրություններից հետո առաջին անհրաժեշտության շատ ապարանքատեսակներում գների 10-40 դրամի բարձրացում է տեղի ունեցել: «Ձեթ եմ գնել, եւ այն մոտ 10-20 դրամով թանկացել է: Ձեթի կոնկրետ իմ նախընտրելի տեսակը նախկինում 800 դրամ էր, հիմա դարձել է 820 դրամ: 10-30 դրամի փոփոխություններ նկատվում են նաեւ այլ ապրանքատեսակների մեջ»,- ասաց մի հաճախորդուհի, որին հանդիպեցինք երեւանյան սուպերմարկետներից մեկում՝ գնումներ կատարելուց հետո:

Մոտ 20 ապրանքային շուկայում ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի անցկացրած մոնիտորինգի արդյունքներով որոշ ապրանքատեսակների գների կայանություն կա, որոշների դեպքում՝ իջեցում, իսկ որոշ անուն-ապրանքատեսակներ, որոնք ավելի մեծ քանակ են կազմում, թանկացել են: Ի դեպ, մոնիտորինգն անցկացվել է ընդհանուր հարկման ռեժիմով աշխատող առեւտրի կետերում՝ 30-40 տեսակ անուն ապրանքանիշների շրջանում՝ հացի, ձեթի, կարագի որոշակի տեսականիններ, շաքարավազ, բրինձ, սուրճ,մսամթերք՝ բաստուրմա, նրբերշիկ, ֆիլե:

Ընդորում` հանձնաժողովի մամուլի պատասխանատու Արմինե Ուդումյանի վստահեցմամբ՝ թանկացումներն հիմնականում պայմանավորված են միջազգային շուկայում ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, այլեւ նավթամթերքի, ոսկու, հացահատիկի եւ այլնի գների կտրուկ բարձրացմամբ: «Սրանք այն գլխավոր տարրերն են, որոնք ամեն ինչի գնագոյացման մեջ ուղղակի ազդում են: Օրինակ` ճիշտ է, քաղցրավենիքը չի մտնում մեր մոնիտորինգի տակ, սակայն այդ նույն շոկոլադի մեջ մտնում է կարագ, ձեթ, որոնք թանկացել են: Հայաստան այն բերելու եւ ցրելու համար վառելիք է անհրաժեշտ, որը եւս թանկացել է»,- «Ա1+»-ին հայտնեց Արմինե Ուդումյանը:

Ըստ նրա՝ մինչեւ հիմա մոնիտորինգը եւ նրա վերլուծությունը ցույց է տալիս, որ առայժմ մրցակցային օրենսդրության որեւէ խախտում կամ գերիշխող դիրքի չարաշահում չի արձանագրվել: Արմինե Ուդումյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հրամանով միչգերատեսչական հանձնաժողով է գործում, որտեղ ներառնված են պատկան բոլոր հնարավոր մարմիններից մասնագետներ՝ ՀՀ Կենտրոնական բանկից, Հարկային պետական ծառայությունից, ՀՀ Առեւտրի նախարարությունից, Վիճակագրական վարչությունից եւ այլն: «Նրանք ավելի համապարփակ են խնդիրը ուսումնասիրելու, կանեն առաջարկություններ, թե ինչպես ավելի մեղմ լինի թանկացումների ազդեցությունը սպառողների վրա, որ միաժամանակ չվնասի նաեւ տնտեսությանը»,- ավելացրեց նա:

Արմինե Ուդումյանի կարծիքով՝ թանկացումները ոչ մի կերպ չպետք է կապել հետընտրական գործընթացների հետ, քանի որ «որեւէ տնտեսվարող սուբյեկտի համար ընտրությունները տնտեսական գործոն չեն, եւ դա տրամաբանական չէ: Մինչդեռ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը գտնում է, որ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտրություններից հետո լինում է գների թռիչք, որը կանխատեսելի էր: «Այսինքն՝ այն մարդիկ, որոնք ընտրությունների ժամանակ գումարներ էին ծախսել, իրենց գումարները ետ են բերում, ուրիշ գաղտնիք չկա»,- «Ա1+»-ին ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է համաշխարահային շուկայում գրանցված գների աճին, ապա նա նշեց, որ բացի ցորենի գնի բարձրացումից, ուրիշ այլ ապրանքատեսակ չի թանկացել: «Ձեթն ու կարագն անցյալ տարի ամբողջ Եվրոպայում թանկացել են ընդամենը 40 տոկոսով, բայց մեզ մոտ թանկացել է ոչ միայն եվրոպական կարագը, այլեւ Նոր -զելանդական կարագը, որն, ինչքան գիտեմ Եվրոպայում չի գտնվում: Այնպես որ՝ ադպիսի հեքիաթներ թող գնան ուրիշ տեղ պատմեն»,- ավելացրեց նա: