ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի լույս 31-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեւան գյուղում անհայտ անձինք գողացել են Էմմա Գեւորգյանի կովը, մոզին եւ հորթը: Գեւորգյանների տունը մոտ է գտնվում սոճուտին, ուր էլ ձգվում են գողության հետքերը:
Այս մասին հայտնեց Էմմայի դուստր Նելլին: Այստեղից մինչ Ադրբեջանի սահման մի քանի կիլոմետր է: Դրանից մեկ օր առաջ հարեւան Ոսկեպար գյուղում ձախողվել էր Վահե Սիրադեղյանի 100 գլուխ ոչխարի առեւանգումը:
Հովիվ-պահակը գիշերվա մոտ ժամը 2-ին նկատել էր ֆերմայի մոտ կապված ձին, մթության մեջ նշմարել երկու հոգու, ահազանգել ոստիկաններին եւ ոչխարների տիրոջը: Անասնագողերը փախուստի էին դիմել:
Անասնագողությունները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համար մեծ պատուհաս են դարձել: Սկսած 1990-ական թվականներից, անասնագողությունների հարյուրավոր դեպքեր են եղել, որոնք հիմնականում չբացահայտված են մնացել: Գյուղացիները կարծում են, որ դրանց հետքերը տանում են դեպի Ադրբեջան:
Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն