Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Beeline-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Տնտեսություն

Այսօր առավոտից Երեւանի փողոցներում կարելի էր հանդիպել Beeline ապրանքանիշի գովազդը տարբեր հնարավոր միջոցներով. այս ռեբրենդինգի արարողությանը մասնակցելու համար ՌԴ-ից ժամանած լրագրողների, ինչպես նաեւ տեղական լրատվամիջոցների համար տրամադրված փոխադրամիջոցներն անգամ՝ ավտոբուսները, Beeline-ի ապրանքանիշով էին ձեւավորված՝ մեղվի փորիկ հիշեցնող դեղին, սեւ շերտերով:

«Վիմպելկոմ » ԲԲԸ դուստր ձեռնարկություն՝ Արմենտել ՓԲԸ-ն այսօրվանից հայտարարում է, որ այսուհետ մատուցելու է կապի իր ծառայությունները Beeline ապրանքանիշով: Եվ Ռուսաստանում մեծ տարածում եւ հեղինակություն ունեցող բրենդի՝ ապրանքանիշի նորամուծությունը Հայաստան մեծ մասշտաբով իրականացվեց. միջոցառումների մի ամբողջ շղթա նվիրված է լինելու Արմենտել-ը Beeline-ով փոխարինելուն ոչ միայն արտաքուստ,դիզայնի առումով, այլեւ մարդկանց պատկերացումներում: Ի դեպ, արդեն Արմենտել-ի 54 սեփական գրասենյակներից 24-ը վերանորոգված են եւ ձեւավերված Beeline-ի գույներով:

Հայաստանը թվով 7-րդ երկիրն է, ուր մուտք է գործում այս ապրանքանիշը: «Վիմպելկոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը վստահ է, որ հայտնի բրենդը կմեծացնի վստահությունը «Վիմպելկոմ» ընկերության նկատմամբ. «Այնպիսի խոշոր կազմակերպության մուտքը Beeline ապրանքանիշով գործող ընկերությունների խումբ, ինչպիսին Արմենտելն է, զգալիոերն կամրապնդի «Վիմպելկոմի» միջազգային ապրանքանիշի դիրքեհո; Ավելին, սա կարեւոր քայլ է սպասարկման ոլորտում համաշխարհային մակարդակի առաջատար ընկերություն դառնալու ճանապարհին. բոլոր երկրներում նույն ապրանքանիշով ծառայությունների մատուցումը սպառողի հմար տրամաբանական է եւ հասկանալի»,- ասաց Պլեսկոնոսը:

Իսկ Արմենտել ՓԲԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հենադի Կալգաշկինը նկատեց, որ ռեբրենդինգը զուտ լոգոտիպի փոփոխություն չէ, այն թելադրում է սկզբունքայնորեն նոր մոտեցում սպասարկման մակարդակին եւ մատուցվող ծառայությունների որակին, ինչպես նաեւ վաճառքի ցանցի ամբողջական վերաձեւավորում եւ ընկերության կորպորատիվ մշակույթի նորացում»: Ըստ Կալգաշկինի, այս աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել այս տարվա ավարտին. «նոր ապրանքանիշը վառ է, պարզ եւ ընկերական: Համոզված եմ, որ մեր նոր ոճը դրական լիցք կհաղորդի Հայաստանի բնակչությանը»:

Կալգաշկինը տեղեկացրեց, որ այս բոլոր նորամուծություններից հետո սակագնային աճ չի նախատեսվում, ավելին, պետք է մտածել ծառայություններն ավելացնելու եւ փաթեթով սպառողի համար ավելի հարմար գնային լուծումներ առաջարկելու ուղղությամբ: Beeline-ը ՌԴ-ում ամենաթանկարժեք ապրանքանիշն է. այն գնահատվել է 7,2 մլրդ ԱՄՆ դոլար: Իսկ «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվյալների փոխանցվման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ:

«Վիմպելկոմը» բացի ՀՀ-ից, ծառայություններ է մատուցում Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում,Ուզբեկստանում, Վրաստանում, եւ իհարկե Ռուսատանում. ընդհանուր հաշվով մոտ 250 միլիոն մարդու: Beeline-ի եւ «Վիմպելկոմի» պատասխանատուներին մեծ ոգեւորություն էր պատճառել երեւանյան տաք եղանակը, ջերմացնող արեւը :