Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԷԼ ԵՆ ԴԺԳՈՀՈՒՄ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ

Մարզեր

Մայիսի 1-ից գազի գնի թանկացումը դժգոհություններ է առաջացրել Արմավիրում: Երիտասարդները հատկապես նշում են աշխատատեղերի բացակայության խնդիրը: «Ոչ մի գումար չենք կարողանում հայթայթել, աշխատատեղ չկա, ինչպես ենք վճարելու այդ վարձերը»,- նշում են նրանք: Իսկ ոմանք էլ որոշել են լքել Հայաստանը, քանի որ համոզված են, որ գազի սակագնի թանկացմանը հաջորդելու են մյուս սպառողական ապրանքների թանկացումը:

Շատ թոշակառուներ գազի գնի հավանական թանկացումը բարբարոսություն են որակում. «Խոստանում էին ավելի լավ կյանք, սակայն այժմ ճնշվածին ավելի են ճնշում»,- համոզված են նրանք: Օրինակ թոշակառուները մեջբերում են իրենց 30-45 հազար դրամ թոշակները, որից միայն 30 հազարը ձմռան ամիսներին գազի վարձ են վճարել:

Հայռուսգազարտ ՓԲԸ գազաֆիկացման եւ գազամատակարարման Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Ռաֆիկ Ղազարյանը նշեց, որ 2008թ-ին ՀՀ կառավարությունն իրականացնելու է համալիր միջոցառումների ծրագիր, որը լինելու է թիրախավորված եւ պաշտպանելու է սոցիալապես անապահով խավերին սակագների բարձրացման խնդրից:

ԱԼՏ ՀԸ