Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ՉԵ՞Ն ԵՂԵԼ

Տնտեսություն

Գների թանկացումները բերում են հասարակության նոր դժգոհություններ: «Լիլիթ» խանութի վաճառող Սուրենը պատմում է, որ իր հաճախորդները ամեն առավոտ առեւտուր անելիս բարեւի փոխարեն արդեն հարցնում են. «Հիմա ինչի՞ գինն է թանկացել»: Չնայած վերջինիս այնքան էլ հաճելի չէ լսել նման հարց, սակայն նա արդարացված է համարում, քանի որ օրեցօր տարբեր սննդաթերքների գներ աճում են: Օրինակ` հացի գինը բացի այն, որ գրեթե 50 դրամով ավելացավ ընտրություններից անմիջապես հետո, 10-20 դրամով ավելացել է նաեւ երկու օր առաջ: «Նայած որ փուռի հաց է: Օրինակ 110 դրամանոց մատնաքաշեր էինք ստանում մի փուռից, հիմա դարձել է 120, իսկ մեկ այլ փուռի բուխանկան` 120 դրամանոց, դարձել է 140 դրամ»,- «Ա1+»-ին ասաց խանութի վաճառողներից մեկը: Մի քանի խանութներում արված հարցումները ցույց են տալիս, որ թակացել է ոչ միայն հացի, այլ նաեւ սուրճի, ձեթի, մսամթերքի գները: 10 դրամով թանկացել է նաեւ բենզինի գինը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի պատասխանատու Արմինե Ուդումյանը «Ա1+»-ին թանկացումների վերաբերյալ հայտնեց, որ խախտումներ չկան: Իրենց գնահատականը այն է, որ այդ ամենը կապված է միջազգային գների թանկացման հետ:

Առեւտրի նախարարությունում գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ուսումնասիրում է գների թանկացումները: Վերջիններս «Ա1+»-ին հաղորդեցին, որ առանձին ապրանքներ առանձին խանութներում կարող են թանկանալ, բայց համընդհանուր նման բան չկա: «Որոշակի թանկացումներ կան մի շարք ապրանքների մասով, օրինակ` ձեթի մի տեսակի գնով կա` «Շեդրի դար», մոտ 60 դրամով»,- նկատեց աշխատանքային խմբի անդամ Գագիկ Քոչարյանը: Նա ասաց, որ իրենք ուսումնասիրություններ են կատարում 7 շուկայում` խոշոր սուպերմարկետներում եւ մեծածախ շուկաներում եւ վերցնում են միջին գինը այդ ֆիքսված գներից: «Հացի տեսակներին թանկացում մեր մոտ չի արձանագրվել: Ինչ եղել է` 515.7 դրամ, այդպես էլ մնացել է: Կարող է որոշ խանութներ, որոնք դեռեւս պահպանել են իրենց գները, հիմա մոտիկանում են գներով ընդհանուր շուկային: Մեզ մոտ թանկացումը եղել է մարտի սկզբներին»,- ասաց նա, նաեւ հավելելով, որ ալյուրի գինն է թանկացել 8 դրամով:

Ինչ վերաբերում է մսամթերքին ու կաթնամթերքին, սուրճին, ապա, ըստ աշխատանքային խմբի ուսումնասիրությունների` թանկացում չի եղել: «Միանշանակ է, որ փետրվարից հետո թանկացում է եղել, բայց այս երկու-երեք օրերի ընթցաքում որեւէ թանկացում չենք զգացել»,- ավարտեց նա: