Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ

Մարզեր

Խորհրդային միության փլուզումից հետո, առաջին անգամ Արմավիրում հողի սեփականատերերը փորձում են զբաղվել եգիպտացորենի մշակությամբ: «Եգիպտացորենից ստացվող բերքի մասին գյուղացիներն առայժմ պատկերացում չունեն, բայց եթե հաշվի առնենք, որ հացահատիկի մշակությունն Արմավիրի մարզում համարվում է ոչ եկամտաբեր, ապա եգիպտացորենի դեպքում գյուղացիները փորձաշրջանի փուլ կարող են անցնել», -կարծում է Արտամետ համայնքի բնակիչ Լեւոն Խաչատրյանը:

Արմավիրի մարզի Արտամետ համայնքում կատարվող եգիպտացորենի ցանքին այսօր մասնակցում էին նաեւ Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները: Վերջին տարիներին Հանրապետությունում անասնապահության, հատկապես թռչնաբուծության զարգացման պայմաններում հատիկային կերերի խիստ պակաս է զգացվում: Խնդիրն ավելի հրատապ է դառնում ներկայումս համաշխարհային շուկայում հացահատիկի գների կտրուկ աճի պայմաններում: Այս կապակցությամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը մշակել է ծրագիր հանրապետությունում եգիպտացորենի ցանքատարածությունների ավելացման ու սերմնաբուծության զարգացման կապակցությամբ: ԳՆ բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը ներկայացնելով վերոհիշյալ ծրագիրը տեղեկացրեց, որ Հանրապետություն է ներմուծվել շուրջ 40 տոննա բարձր բերքատվության եգիպտացորենի սորտեր — հիբրիդներ: Ինչպես նշեց Գառնիկ Պետրոսյանը` ծրագրի նպատակն է հանրապետության տարբեր մարզերում փորձարկել եգիպտացորենի սերմերն ու հիբրիդները, իսկ հետագայում զարգացնել եգիպտացորենի արտադրությունը` նախկին 3-3.5 հազար հա եգիպտացորենի ցանքատարածությունները կրկնապատկելով:

Գառնիկ Պետրոսյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ միասին ծանոթացավ մարզի Արտամետ համայնքում եգիպտացորենի ցանքի աշխատանքներին, ինչի արդյուքնում պարզվեց շարքացանների, կոմբայնների բացակայությունը: Վերջինս վստահեցրեց, որ Գյուղնախարարությունը այս տարվա ընթացքում հանրապետություն կներմուծի բերքահավաքի կոմբայններ հողօգտագործողների աշխատանքները թեթեւացնելու համար:

Ի դեպ, մյուս կարեւոր խնդիրը, որ անհանգստացնում է ֆերմերներին, բերքի իրացումն է: Այս կապակցությամբ Գառնիկ Պետրոսյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը խնդիր է դրել նվազագույն գին սահմանել, որպեսզի գյուղացու արտադրանքը լինի երաշխավորված եւ այն կարողանա իրացնել բարձր սակագնով: Այդ պատճառով էլ Արմավիրում սկզբնական շրջանում եգիպտացորենի մշակությունը կսուբսիդավորվի: Այս կապակցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ համաձայնություններ են ձեռք բերվել թռչնաֆաբրիկաների, ինչպես նաեւ անասնաբուծական, խոզաբուծական ֆերմաների ղեկավարների հետ` բերքի իրացումն ապահովելու համար: «Ծրագիրը եւս մեկ կարեւոր գործի հիմք է դնում: Հունգարիայից հանրապետություն է ներկրվելու եգիպտական հիբրիդների ծնողական ձեւեր, որ հետխորհրդային ժամանակաշրջանում առաջին անգամ հիմք կդրվի եգիպտացորենի հիբրիդային սերմերի արտադրությանը»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը, ապա հավելեց, որ սա հնարավորություն կտա հողօգտագործողներին հատկացնել մատչելի գներով որակյալ սերմացուներ: Իսկ առայժմ գյուղացուն սերմացուն կտրամադրվի անհատույց:

Արմավիր, ԱԼՏ հը