Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ

Մշակույթ

Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ» ֆիլմով Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային փառատոնը: Ռուստամ Իբրահիմբեկովի սցենարի հիման վրա նկարահանված ‎ֆիլմը արժանացել էր փառատոնի բացման ‎‎ֆիլմ լինելու պատվին: «Փառատոնի բացման համար իմ ֆիլմը բավականին համեստ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ համեստորեն ասաց Ռոման Բալայանը, որի հենց նույն ‎ֆիլմը վերջերս ներկայացվել էր Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում:

Իսկ «Ոսկե ծիրան» փառատոնի ժյուրիի համար այս տարի, ինչպես նկատեց «Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի նախագահ, պրոդյուսեր Անահիտ Նազարյանը. «Մեզ համար շատ կարեւոր է, որ ֆիլմում կյանք լինի եւ նոր հետո մնացյալ անհրաժեշտ տարրերը»: Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 53 ‎‎ֆիլմ:

«Ոսկե Ծիրանի» շրջանակներում, Ազգային պատկերասրահում բացվեց իտալացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի գեղանկարների ցուցահանդեսը, որն իր հետ Հայաստան էր բերել մեծ վարպետի այրին` Էնրիկա Անտոնիոնին: Ցուցադրվեցին նաեւ Միքելանջելոյի լուսանկարները, որոնց հեղինակն է իտալացի լուանկարիչ Պիերո Մարսիլին, որը նույնպես Հայաստանում է: Ի դեպ, առաջին անգամ այսպիսի ցուցահանդես Հայաստանում է ներկայացվում:

Էնրիկա Անտոնիոնին հայտնեց, որ ամուսնու մահվանից ի վեր նրա նկարների արկղը չէր բացվել, այն բացվեց Հայաստան գալուց առաջ: Կինոռեժիսորի այրո խոսքերով` ընտրություն անելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ նախկինում բոլոր ընտրությունները նա արել է Անտոնիոնիի հետ: