Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐԿԱՅԻՆԸ ԿՈՆԿՐԵՏ Ի՞ՆՉՆ Է ՃՇՏՈՒՄ

Տնտեսություն

Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիր, գործարար Վոլոդյա Հովհաննիսյանի ղեկավարած «Այգսերվիս» ՍՊ ընկերությունում շարունակվում են հարկային ստուգումները: Իսկ ինչպես Վոլոդյա Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, որ ինքը դադարեցնում է իր տնտեսական գործունեությունը Հայաստանում:

«Այգսերվիս» ՍՊԸ տնօրեն, քաղաքական հետապնդումների պատճառով Վրաստանում քաղաքական ապաստան խնդրած Վոլոդյա Հովհաննիսյանն այսօր Թբիլիսիից «Ա1+»-ին հեռախոսով հայտնեց, որ Հայաստանում իր բիզնեսը սկզբունքորեն է դադարեցնում, մինչեւ իշխանությունը ժողովրդի ձեռքը կանցնի:

«Եթե չանցավ, ապա հիմա Հայաստանում ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը: Թող իրենց հեքիաթներն ուրիշներին պատմեն. ցանկացած բիզնեսմեն, որ կուզենա Հայաստանում նորմալ բիզնես ստեղծի, թող 5 րոպե ես խոսեմ նրա հետ եւ Հայաստանի մասին նա կմոռանա»,- վստահեցնում է պարոն Հովհաննիսյանը, որի ղեկավարած ՍՊԸ-ում, ըստ նրա, 4 ամսից ավելի է հարկային ստուգումներ են իրականացվում: Վոլոդյա Հովհաննիսյանը ընտրությունների ժամանակ եղել է Տեր-Պետրոսյանի վստահված անձ եւ ենթաշտաբի պետ Շենգավիթ համայնքում:

Իսկ Հարկային պետական ծառայությունից մեզ հաղորդեցին, որ «Այգսերվիս» ՍՊԸ-ում ստուգումներն ընդամենը մի քանի օր են սկսվել եւ դեռ ընթացքի մեջ են: Ստուգումներն անցկացնում է ծառայության օպերատիվ հետախուզության բաժինը, որը, ծառայության մամուլի բաժնի վստահեցմամբ՝ ընդամենը բյուջեի հետ փոխհարաբերություններն է ճշտում: Հարկային ծառայությունից տեղեկացրին նաեւ, որ սա հերթական ստուգում չի համարվում եւ ստուգումների ավարտի ժամկետներ կոնկրետ ֆիքսված չեն:

Քաղբանտարկյալների զորակցության կոմիտեի նախաձեռնող Կարապետ Ռուբինյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ «Այգսերվիս»-ում ստուգումները սկսվել են իր քրեական գործի շրջանակներում: Ռուբինյանի նկատմամբ՝ մարտի 3-ին քրեական գործ է հարուցվել, իր ասելով, մի անհեթեթությունից ելնելով. «Իբր ես, ըստ իրենց օպերատիվ տվյալների՝ հանդիսանում եմ Վոլոդյա Հովհաննիսյանի ֆիրմաների փայատերը: Այդ հիմքով քննիչը հարկային ծառայությանն ուղարկում է ստուգումների: Իրականում մենք Հովհաննիսյանի հետ ուղղակի ընկերներ ենք եւ ես այդ տարածքում հաճախ էի լինում: Դա նրանք օպերատիվ տվյալ են համարել եւ հայտարարել, թե ես իբր «Այգսերվիս»-ում չգրանցված փայատեր եմ»:

Ի դեպ, մեզ հետ զրույցի ընթացքում Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ երկիրը լքել է ոչ թե հարկայն ստուգումների պատճառով, այլ ինքը քաղաքական վտարանդի է: Տեղեկանալով հարկային պետական ծառայության պատասխանի մասին՝ նա ասաց.«Ո՞նց կարելի է մարտի 1-ի իրադարձություններից հետո հավատալ պետական ապարատի որեւիցե ներկայացուցչի: Հարկային ստուգումները միշտ էլ եղել են, որոնք ինձ համար միշտ էլ ծանր են եղել, քանի որ իմացել են, որ ես ոչ ինչ-որ կռիշ ունեմ, ոչ էլ իշխանավորներից ինչ-որ մեկի հետ համատեղ բիզնես: Սակայն ես բոլոր դժվարությունները միշտ էլ հաղթահարել եմ»: