ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԴՈՒԴՈՒԿ ՆՎԱԳԵԼ է ՍՈՎՈՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին37-ամյա երաժիշտ Ջոնը, ով միջազգային հանրությանը հայտնի է որպես էլեկտրոնային երաժշտություն ստեղծող Ջնո(JHNO), մարտ ամսից Հայաստանում է: «Ա1+»-ին տված հարցազրույցում Ջնոն ասաց, որ եկել է մեր երկիր` դուդուկ նվագել սովորելու:
«Առաջին անգամ դուդուկի հնչյուններ լսել եմ Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին չարչարանքները» ֆիլմում, եւ ա յն անմիջապես գերեց իմ ուշադրությունը»,- պատմում է երաժիշտը:
Թեեւ այդ ֆիլմում հնչող երաժշտությունը կատարում է հայազգի դուդուկահար Վաչե Հովսեփյանը, Ջնոն չի շտապում ծանոթանալ հայկական դուդուկի հետ, այլ գնում է թուրքականը: «Ես գնեցի մի դուդուկ այն կազմակերպությունից, որը երաժշտական գործիքներ է բերում աշխարհի ցանկացած ծայրից, բայց դա հայկական չէր, թուրքական էր»,-ասում է Ջնոն:
Սկզբնական շրջանում երաժշտին չի հաջողվել նվագել, քանի որ, ըստ նրա, դուդուկը դժվարամատչելի գործիք է: «Դուդուկի երաժշտությունը շատ յուրահատուկ է, այն ի հակադրություն դաշնամուրի շատ փոքր է եւ ունի ընդամենը մի քանի անցք, բայց հրաշալի հնչյուններ է արձակում»,- ասում է ամերիկացի երաժիշտը, ով 4 տարեկանից սկսած դաշնամուր է նվագել:
Այնուհետեւ տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ էլ հայազգի հայտնի դուդուկահար Արա Պապիկյանից հայկական դուդուկ է գնել. «Նա ինձ սովորեցրեց ինչպես շնչել, ինչպես օգտագործել թոքերն ու ստամոքսը, ինչպես ձեռքերը պահել»: Սակայն նույնիսկ պրոֆեսիոնալ դուդուկահարի դասերից հետո ամերիկացուն չի հաջողվում «հնազանդեցնել» հայկական դուդուկը:
«Ես հասկացա, որ դուդուկ նվագելու համար, ես պետք է ճանաչեմ նրա հայրենիքը, մոտ լինեմ հայ ժողովրդին, շնչեմ այս օդը, խմեմ հայկական ջուրը»,- ասում է Ջնոն:
Մի քանի ամիս Հայաստանում գտնվելով՝ Ջընոն հասցրել է լինել Երեւանում, Էջմիածնում, Դիլիջանում, Վանաձորում, Թեղուտում: Ամերիկացի երաժշտի խոսքերով՝ ամենուր նրան ջերմ են ընդունում եւ զարմանում են, թե օտարերկրացին որքան լավ է կատարում «Դլե յաման»ը: