Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2008 ԹՎԱԿԱՆԸ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՏԱՐԻՆ ԷՐ ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐՈՒՄ»

Տնտեսություն

«2008-ը ինֆլյացիոն առումով Հայաստանի համար ամենածանր տարին է վերջին 10 ամյա պատմության մեջ»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նա մեկնաբանեց վերջին շրջանում միջազգային շուկայում առաջացած ճգնաժամի հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

«Արդեն մեկ տարի է` ճգնաժամային միտումներ էին նշմարվում միջազգային շուկաներում. անցած տարին՝ 2007-ը, բնութագրվեց հիպոտեկի շուկայի վայրիվերումներով՝ անկման միտումներ, անշարժ գույքի գների անկում ամբողջությամբ վերցրած ամերիկյան շուկայում, որի հետեւանքով այդ բնագավառում աշխատող մի շարք ընկերություններ ունեցան դժվարություններ»,- հիշեցնում է Բագրատ Ասատրյանը եւ ավելացնում, որ թվում էր, թե ճգնաժամը հաղթահարված է. համենայն դեպս, ամռան նախաշեմին նշմարվեցին կայունացման միտումներ. հատկապես հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվեց նավթի գների նվազում, որը տնտեսական զարգացման համար խթան պետք է հանդիսանար, իսկ վերջին ամսվա ընթացքում գրանցվեց եվրոյի նկատմամբ դոլարի շուրջ 10 տոկոսի արժեւորում, եւ թվում էր, թե գերիշխողը առողջացման միտումներ են, բայց այդպես չէր. «Վերջին շաբաթը բնութագրվեց թե ընդհանրապես արժեթղթերի շուկայում էական անկումով, թե շատ լուրջ իրադարձություններով՝ ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում՝ այս շաբաթվա սկզբին հայտարարվեց հնագույն` շուրջ 160-ամյա ընկերության «Lehman brothers»-ի սնանկության, այլ խոշոր ներդրումային ընկերությունների, բանկերի եւ աուդիտորական ընկերությունների մոտ դրսեւորվող դժվարությունների մասին: Ու թեեւ ԱՄՆ Դաշնային Պահուստային համակարգը աննախադեպ միջոցներ է ձեռնարկում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, բայց ճգնաժամը վերջնականապես հաղթահարված չէ եւ դեռ հայտնի չի, թե ինչ դրսեւորումներ ենք տեսնելու առաջիկայում ամերիկյան, հետեւաբար նաեւ միջազգային շուկաներում»:

ԴՐԱՄԸ ԱՐԺԵԶՐԿՎԵԼՈՒ Է

Այս ֆոնին ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում: Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, Հայաստանի վրա ազդեցությունը կերեւա մի փոքր ավելի ուշ. քանի որ, ինչպես շատ պատկերավոր նա բնութագրեց. «Հայաստանը ֆինանսական շուկայի առումով մի լեռնային գյուղակ է, ընդ որում ձյունը դրել է, ճանապարհները փակվել են, հեռախոս էլ չկա, միայն թռչնակը պոչի վրա մի անորոշ լուռ է բերել, մինչեւ ձյունը չհալվի, հաստատ ոչ մի բան չի լինի. բայց հիմա պետք է մտածել ձնհալի մասին»:

«Մեծ իրադարձություններ առայժմ այստեղ չեմ սպասում, բայց «ձնհալից» հետո մեզանում նկատելու ենք, որ տրանսֆերտների որոշակի նվազման ներքո, որը զգալիորեն պայմանավորված է նաեւ այն անբարենպաստ ֆոնով, որ ստեղծվել է 2008 թվականի անփառունակ ընտրությունների` մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով: Եվ իրավիճակը չի փրկի անգամ մամուլում հրապարակված մի քանի խոշոր գործարարների խոստացած ներդրումների ներհոսքի պարագայում: Այդ առումով, նա նկատում է. «Դա հեքիաթ է, որին ես շատ լուրջ չեմ վերաբերում.տա Աստված, որ բոլոր եւ ազգությամբ հայ, թուրք, ճապոնացի գործարարները ներդրումներ անեն Հայաստանում. բայց եկեք իրատես լինենք. ի՞նչն է նրանց շահագրգռում, ո՞րն է լինելու նրանց մոտիվացիան. մի երկիր, որտեղ ոչ օրենք կա, ոչ օրինականություն, մի երկիր, որտեղ իրենց քաղացիներին սպանում են: Առավել եւս, որ այն երկրներում, որտեղից պետք է այդ փողը գա, կան դժվարություններ եւ հավատացեք, որ ամենախոշոր գործարարի ամենաանկեղծ մղումը կաշկանդված է լինելու այդ իրողություններով»:

Այսօր ըստ Բագրատ Ասատրյանի` շատ մտահոգիչ, բայց եւ անխուսափելի իրողություն է դրամի արժեզրկումն ու դոլարի արժեւորումը. «Հիշեցնեմ, վերջին մեկ ամսվա ընթացքում դրամը մեզանում արժեզրկվել է մոտ 10 տոկոսով»:

Դա այնքան էլ ակնհայտ չի սովորական ՀՀ քաղաքացիների համար, որովհետեւ որպես կանոն, ավանդական արտարժույթը դոլարն է, բայց «միայն դոլարով մենք չենք կարող դրամը չափել. մեր արտաքին տնտեսական կապերի, արտահանման ուղղվածությունը առավելապես ոչ դոլարային, այլ եվրոյի շուկաներն են, եւ երբ խոսում ենք դրամի վարքագծի մասին, գոնե չմոռանանք նաեւ դրամ-եվրո հարաբերակցության մասին, որտեղ ունենք դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկում: Ասածիս ներքո, 2008 թվականի՝ Հայաստանում անբարենպաստ ներքաղաքական վիճակը, ոչ բարենպաստ պայմանները այն երկրների ֆինանսական շուկաներում, որոնք եւ Հայաստանի համար տրանսֆերտներտների հիմնական աղբյուր են հանդիսանում, կպայմանավորեն տրանսֆերտների եւ առկա ներդրումների կրճատումը: Դրա հետեւանքով այս տարվա ընթացքում արդեն տեսնելու ենք՝

1/ տնտեսական աճի նվազում, որը կարծում եմ թեեւ այս տարին կամփոփենք 10 տոկոսի շրջանակում, բայց գալիք տարի պետք է մոռանանք երկնիշ տնտեսական աճ:

2/ Դրամի արժեզրկում, որը այսօր տեսնում ենք միայն եվրոյի նկատմամբ, մյուս տարի կտեսնենք, կարծում եմ նաեւ դոլարի նկատմամբ:

3/ Գնաճի բարձր մակարդակ. այս տարի 10 տոկոսի մակարդակով, մյուս տարի ֆոնը եւս մնալու է անբարենպաստ՝ բացասական:

4/ Եվ ի վերջո բնակչության արտահոսք. ես հայտարարում եմ, որ 2008 թվականի արդյունքներով արդեն կարձանագրվի բնակչության արտահոսք:

Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, մենք այսօր կանգնած ենք ճամփաբաժանի առջեւ թեեւ մեր տնտեսության այսօրվա խնդիրները ավանդական են, այլ ոչ այնքան թելադրված ճգնաժամով. «Մենք իսկապես շեղվել ենք տնտեսավարման շուկայական սկզբունքներից, գնացել ենք մենաշնորհների ձեւավորմանը, իսկապես հեռացել ենք տնտեսության մեջ ազատական ռեժիմներից եւ յուրաքանչյուր քաղաքական իրադարձությունից հետո առնչվում ենք սեփականության վերաբաշխման, այսինքն այդ իրավունքի ուղղակի ոտնահարման հետ: Եվ խնդիրը լուծելու համար պետք է անենք այն, ինչ պետք է անեինք մինչ օրս, նոր խնդիր մեր առջեւ դրված չեն, պետք է տնտեսությունը վերադարձնենք բնականոն զարգացման դաշտ. դրա համար նախեւառաջ քաղաքական կամք է պետք, քաղաքական լուծումներ, որովհետեւ չի կարող մի երկրում, որը հրաժարվել է ժողովրդավարությունից, որտեղ ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները շուկայական հարաբերություններն աշխատեն. դրանք իրար հակասող երեւույթներ են»: