ԱՎԱՆԴՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ՞ ՍՊԱՌՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԻնչո՞ւ են բանկերը հրաժարվում վարկեր տրամադրել: Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ա1+»-ին հետեւյալ կարծիքը հայտնեց. «Նույն բանկային համակարգում իրացվելիության պակասն է, որն ուղղակի հետեւանքն է միջազգային ֆինանսական ճգնաժամի: Նույն տրանսվերտների եւ ուղղակի ներդրումների հոսքի հարաբերական կրճատումը ազդում է նաեւ բանկերի վրա` ի դեմս ներգրավված միջոցների ոչ բավարար աճի: Ինչպես պետք է բանկերը այս վիճակից դուրս գան, նաեւ հաշվի առնելով այն բնական անհանգստությունը, որ պետք է թե առանձին, թե ամբողջ բանկային համակարգը ունենա` կարծում եմ պետք է դիմեն վարկավորման ծավալների կրճատմանը»: Ըստ նրա` առավել եւս սա վերաբերում է հիփոթեքային շուկային, որն առայժմ Հայաստանում ավելի ռիսկային է եւ որի ծավալումը նախորդ տարիներին պայմանավորված էր անշարժ գույքի շուկայում գների արագ աճով, ինչը 2008թ. տեղի չի ունենում:
Իսկ օրինակ «Յունիբանկ»-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը այսօր հայտարարել է, թե. «ՀՀ բանկային համակարգի վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը մակերեսային բնույթ կկրի` դրան առավելապես կնպաստի հայաստանյան ֆինանսական համակարգի ոչ բավարար ինտեգրումը միջազգային շուկաներին»:
Նրա խոսքերով, միջազգային ֆինանսական ճգնաժամն առավելապես կանդրադառնա արժեթղթերի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող բանկերի վրա, իսկ, ինչպես հայտնի է, հայաստանյան բանկերի ներգրավվածությունը այդ շուկայում չափազանց փոքր է. «Միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող գործընթացների հնարավոր բացասական ազդեցությունը իր գործունեության վրա նվազագույնին հասցնելու նպատակով, «Յունիբանկ»-ը միջոցների ներգրավման եւ տեղաբաշխման հարցում նախապատվությունը տվել է տեղական շուկային: Արժեթղթերի շուկայում «Յունիբանկ»-ի մասնակցությունը զրոյական է. միջոցների հիմնական մասը ուղղվել է տնտեսության իրական հատվածի վարկավորմանը, հիփոթեքին եւ ավտովարկավորմանը: