Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 ՀԻՎԱՆԴ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԻՑ

Մարզեր

Աղիքային ինֆեկցիայի ախտորոշմամբ Ալավերդու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված 17 հիվանդներից երկուսը երեկ դուրս են գրվել։ Փոխարենը հիվանդանոց են ընդունվել նոր հիվանդներ։ Ընդ որում` արձանագրվել է օջախային բռնկում` 7 հիվանդը մեկ ընտանիքից են։

Ինֆեկցիոն բաժանմունքում այժմ հոսպիտալացված է 24 հիվանդ։ Տեղի բժիշկներից բացի հիվանդանոցում էր նաեւ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ համաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

Նա Ալավերդիում է եղել նաեւ աղիքային ինֆեկցիայի դեպքերի տարածման մասին ահազանգ ստանալու առաջին օրը։ Լիանա Թորոսյանը նշում է, որ մանրէաբանական հետազոտություններ են կատարվել, եւ դեռեւս պատճառը հայտնի չէ: Այժմ նորից նմուշառումներ են կատարում, որպեսզի այդ հետազոտությունները շարունակեն Երեւանում։

Իսկ Ալավերդու Սարահարթ թաղամասում գրանցված աղիքային ինֆեկցիայի դեպքերի պատճառը հավանաբար ջուրն է, քանի որ հոկտեմբերի 22-ին այնտեղ արձանագրվել է խմելու ջրի եվ կոյուղագծերի վթար, նշում է համաճարակաբանը ։ Ալավերդու բժշկական կենտրոնի վարակաբան Սուրեն Լալայանի գնահատմամբ այժմ հիվանդների վիճակը ծանր չէ։ Վարակաբանի կարծիքով սա նոր հիվանդություն է, իր 30 տարվա աշխատանքյաին պրակիտիկայում նման հարուցիչի չի հանդիպել։

Ջրի որակի լրացուցիչ հետազոտություն կատարելու եւ վթարները ստուգելու նպատակով Ալավերդի էին այցելել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հյուսիս-արեւելյան մասնաճյուղի ղեկավարներն ու մասնագետները` ջրի փորձանմուշները ընկերության Սեւանի տեղամասում հետազոտելու համար։ Սակայն «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ՓԲԸ հյուսիս-արեւելյան մասնաճյուղի փոխտնօրենը պնդում է, որ մինչ այժմ կատարած հետազոտոթյուններով ջրի որակի շեղումներ չեն հայտնաբերել։

Ալավերդու «Անկյուն+3» Հ/Ը