Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԲԱՎԸ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ

Մարզեր


Խորհրդային տարիներին Շիրակի մարզում գործում էր շուրջ 100 ձեռնարկություն, որոնք տարեկան 11 մլրդ ռուբլու արտադրանք էին տալիս:


Միայն Գյումրիում 38 արդյունաբերական ձեռնարկություններ կային: Երկրաշարժի հետեւանքով կոմպրեսորների եւ «էլեկտրոն» ռադիոտեխնիկական գործարանները փլվեցին` դեռ արտադրանք չթողարկած: Մնացած ձեռնարկությունների 70 տոկոսը ոչնչացվեցին: Իսկ սեփականաշնորհման ոչ ճիշտ գործընթացի արդյունքում օտարվեցին շատ ձեռնարկությունների հիմնական միջոցնեհո;


Այսօրվա դրությամբ` թեեւ գործում են արտադրական մի քանի ձեռնարկություններ, սակայն վերջիններս որքան էլ ձգտում են ընդլայնել իրենց գործունեության ծավալը, չեն կարող հետ բերել քաղաքի « արդյունաբերական կենտրոնի» երբեմնի համբավը:


Գյումրեցիներին վաղ առավոտյան աշխատանքի կանչող շչակի ձայնը այսօր արդեն լսվում է միայն ֆիլմում: Արդյունաբերական երբեմնի հզոր քաղաքը 20 տարի լռում է:


Ըստ Շիրակի մարզի մարզպետարանի աշխատակազմի Սոցիալ-տնտեսական բաժնի պետ Մարիետա Գյոդակյանի` այսօր կան 100 կազմակերպություններ, որոնց մեջ տեսակարար կշիռ են կազմում փոքր եւ գերփոքր ձեռնարկությունները: Դրանք միասին թողարկում են մարզի արտադրանքի 56 տոկոսը, իսկ խոշոր ձեռնարկությունները թողարկում են 22 տոկոսը:


Քաղաքի երկու հսկա ձեռնարկություններում այժմ գործում են միայն առանձին արտադրամասեր: Ներկայիս շուկայական մրցավազքում հաջողություն ունենալու համար նախ լուրջ ներդրումներ են պետք, ինչը վերջին երկու տասնամյակում չի եղել:


Այս պարագայում տեխնիկական վերազինման մասին խոսելն անգամ ավելորդ է, իսկ 20 տարի առաջվա սարքավորումների թողարկած արտադրանքի մրցունակ լինելն էլ` խիստ հարցական: Յուրաքանչյուր արտադրող ինքը պիտի գտնի իրացման շուկա ու համապատասխանի պահանջվող չափանիշներին:


«Արդյունաբերության համար պետք է կառավարության օգնությունը, իրացման համար շատ ենք տանջվում, էսօրվա դրությամբ ուզում ենք Ռուսաստան ուղարկել, բայց սերտիֆիկատի համար տանջվում ենք: էնքան գումարներ ենք մուծում:Հիմա մենք ինքնուրույն ենք, քանի որ հարկային պարտավորությունները շատ բարձր են դրված մեր վրա չենք կարող լիարժեք աշխատել»,- ասում է «Արշալույս» ԲԲԸ տնօրեն Ռոբերտ Զաքարյանը:


«Արշալույս» ԲԲԸ-ը արտահանման խնդիրը լուծել է, առաջիկայում կհամալրվի նաեւ նոր տեխնիկայով, սակայն ամբողջ հզորությամբ աշխատելու համար դեռ խոչընդոտներ կան:


«Հիմա հումք ենք ներմուծում կանխիկ գումար պիտի տանք, առաջ էդպես չէր, իրացնում էինք, նոր տալիս: Հիմա մաքսատանը 30 տոկոսը մուծում ենք: Դա էլ հարվածում է արտադրողին»,-ասաց տնօրենը:


Արտահանման եւ իրացման խնդիր ունեն բոլոր ձեռնարկությունները: Մի կողմից պետությունը չի աջակցում շուկա գտնել, մյուս կողմից ստեղծում է արհեստական խոչընդոտներ:

«Քարհատ մեքենա» ՓԲԸ-ն այն է, ինչ մնացել է «Ստրոյմաշինա» կոչվող հսկայից: Գործարանի պրոֆիլը պահպանվել է, սակայն արտադրանքը իրացնել հանրապետությունում արդեն անհնար է: Հայաստանում իրացվում է արտադրանքի 5-10 տոկոսը միայն: Քարհատ մեքենաների պահանջարկ ներկայացրել են Ղազախստանն եւ Թուրքմենիան, սակայն այս տարի իրացումը երեք անգամ նվազել է, արտադրանքի քանակն էլ երկու անգամ կրճատվել:


«Մեր արտադարանքը ԱՊՀ-ում չի արտադրվում, մենք իրացնում ենք Ղազախստանում, բայց բանկերը ճգնաժամում են եւ չեն կարող ֆինանասավորել, որ գնեն: մեր արտադրանքի իրացումը 3 անգամ նվազել է: Արտադրանքի քանակը 2 անգամ է նվազել: Եթե չկարողանանք պատվերներ ստանալ կամ պիտի կանգնեցնենք կամ պիտի աշխատողներ կրճատենք: Իսկ դա ոչ մեկին ձեռնտու չէ»,-ասաց «Քարհատ մեքենա» ՓԲԸ փոխտնօրեն Դավիթ Ղազանչյանը:


Ստացվում է` երկրաշարժից 20 տարի անց էլ ոլորտը դեռ վերականգնված չէ, կառավարությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում, արդյունաբերողներն էլ սեփական ուժերով դեռ երկար ժամանակ փորձելու են լուրջ մրցակից դառնալ:


Գյումրիի «Ցայգ» ՀԸ