«ԱՊՏԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ին«Սա ճգնաժամի առաջին ալիքն էր, վատը դեռ առջեւում է»,- այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ բանավեճի ժամանակ նման կանխատեսում արեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նա այսօր իշխանություններին փոխանցեց երկու առաջարկ` վիճակը բարելավվելու համար: Քանի որ, ըստ նրա` երկրում պետք է լուծվի դիմակայելու խնդիրը, ապա իշխանությունները հասարակության վստահությունը ձեռք բերելու համար պետք է ազատ արձակեն «իր ընկերներին», (խոսքը քաղբանտարկյալների մասին է-խմբ): Իսկ երկրորդ` պետք է բացել աչքերը եւ տեսնել ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա, որովհետեւ. «Հոկտեմբերը տնտեսության ապտակն էր մտածել չուզող իշխանությունների քաղաքականությանը»:
ԿԲ նախկին նախագահին զայրացրել է 2009թ. բյուջեն, քանի որ նրանում մեկ բառ անգամ չի հիշատակվում համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին:
«Ճգնաժամ ասածը արտակարգ իրավիճակ է եւ քայլեր պետք է արվեն: Պետք է փոխվեր բյուջեի գաղափարախոսությունը»,-ասաց նա: Վարդան Բոստանջյանն էլ, որը բավականին սակավախոս էր այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց. «Սա է մեր երկիրը եւ սա են մեր հնարավորությունները»:
ԿԲ նախկին նախագահը, գնահատելով ԿԲ-ի աշխատանքը, նշեց, թե բանկի քայլերը բնավ չեն նպաստում վիճակի բարելավմանը: Ըստ նրա` մի զարհուրելի բան է տեղի ունեցել. միայն հոկտեմբերի ընթացքում Կենտրոնական բանկը 100 միլիոն դոլար է մտցրել շուկա, բացի այդ. «Անգամ փոխանակման կետերին զանգում են, կարգադրություն են տալիս, որ եթե 310-ից բարձրացավ, 6-րդ վարչությունն է ձեզանով զբաղվելու: Այդպիսի տնտեսություն չի կարող լինել: Սրանով մեր տնտեսությունը քայքայում ենք»:
Սա դեռ այն պարագայում, երբ լողացող փոխարժեքի սկզբունքը ենթադրում է , որ ԿԲ չպետք է միջամտի փոխարժեքի շուկայական տատանումներին:
Վարդան Բոստանջյանը չի կարող միանգամից ասել` ճիշտ է համարում այդ քաղաքականությունը, թե ոչ, բայց. «Բոլոր դեպքերում դրա անհրաժեշտությունը ես զգում եմ, կա: Պետք է նետվի: Դոլարը, ըստ էության, կամ տարադրամը, ոչ այլ ինչ է, քան ապրանք: Ապրանքի առաջարկի եւ պահանջարկի կարգավորելու համար հարկավոր է շրջանառությունից դուրս հանել կամ նետել շրջանառություն»: