ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Նախորդ երկու օրերին Գյումրիում գրանցվել է դանակահարության միանգամից երեք դեպք: Զոհեր չկան: Չորս հոգի ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:Տուժածները Գյումրիի Գյուլբենկյանի անվան վնասվածքաբանական եւ Ավստրիական մանկական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ են: Մանրամասները պարզվում են, դեպքերի առթիվ տարվում է հետաքննություն:
Բոլորն էլ տուժել են վիճաբանությունների արդյունքում: Առաջին տուժողը՝ 22-ամյա Կարեն Կարապետյանը, Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է բերվել կրծքավանդակի հետին մակերեսի բազմաթիվ վերքերով, որոնք հասցվել են կտրող - ծակող գործիքով: Վերքերը թափանցում են աջ եւ ձախ թոքերի պլեւրալ խոռոչ` առաջացնելով թոքի կոլապս (շնչական անբավարարություն): Բժիշկներին հաջողվել է ապահովել շնչական ողջ ծավալը: Հիվանդի վիճակը համարվում է բավարար:
Մեկ այլ վիճաբանության ընթացքում տուժել է 56-ամյա Սուրեն Համբարյանը եւ տեղափոխվել նույն հիվանդանոց: Նրա մոտ հայնաբերվել է կրծքավանդակի ձախ ձախ կեսի կտրվածք` տարածյալ ենթամաշկային ինֆեզիոմայով եւ ձախ թոքի կոլապսով: Սուրեն Համբարյանի վիճակը ծանր է, քանի որ օդ է թափանցել կրծքավանդակի խոռոչ, եւ ձախ թոքն ամբողջովին անգործության է մատնված եղել: Նրա պարագայում եւս վիրահատական միջամտություն է ձեռնարկվել, հետազոտվել է երկրորդ անգամ ու վերականգնվել է երկրորդ թոքի գործունեությունը: Նրա վիճակն այժմ համարվում է ծանր կայուն:
Երրորդ վիճաբանության ընթացքում տուժածներ կան երկու կողմից էլ: Շիրակի մարզային քննչական բաժնից տեղեկացանք, որ Պարույր Հարությունյանը վիճաբանել է Գյումրիի բնակիչ Մերուժան Գասպարյանի հետ, ով ամենաերիտասարդն է տուժածների մեջ՝ 16 տարեկան: Նա այժմ բուժվում է Ավստրիական մանկական հիվանդանոցում: Վերջինիս նախնական ախտորոշումն է` կրծքավանդակի շրջանի եւ ստորին վերջույթի շրջանի ծակված - կտրված վերք: Ընդունվելիս երեխայի գիտակցությունը մասնակիորեն մթագնած է եղել: Նրա մոտ եւս եղել է թոքի վնասվածք, իսկ տարբեր մասերում` կապտուկներ ու քերծվածքներ: Առավել զգալի տուժածն ըստ բժիշկների, 19-ամյա Պարույր Հարությունյանն է: Նա շտապ կարգով վիրահատվել է, քանի որ վերքի բնույթն առավել բարդ է եղել. այն անցնում էր դեպի որովայնի խոռոչ` վնասելով փայծաղը եւ հաստ աղին:
Բոլոր դեպքերի համար հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ